Միջազգային գիտաժողով

19.07

2011

  

     Հուլիսի 15-ին Ստեփանակերտում ավարտվեց Երևանում մեկնարկած և Արցախում իր շարունակությունը գտած ՙԴինամիկ համակարգեր, ոչ գծային վերլուծություն և դրանց կիրառումները՚ թեմայով միջազգային գիտաժողովը:

Այն իր աշխատանքներն անցկացրեց Արցախի պետական համալսարանի դահլիճում` բարձր մակարդակով: Մաթեմատիկական գիտությունների բնագավառում կատարված աշխատանքներն ու առկա հիմնախնդիրներն իրենց ելույթներում ներկայացրին ճանաչված գիտնականներ Ս. Սամբորսկին, Ա. Անտոնևիչը, Ֆ. Լեբեդևը, Ա. Բելոլիպեցկին, Ս. Ժիրովը, Ա. Ակոպովը և ուրիշներ: Եզրափակիչ խոսքում պրոֆեսոր Լևոն Բեկլարյանը նշեց, որ զեկուցումների հիմնական մասը կատարվել է ԼՂՀ-ում. 16 զեկուցում` Հայաստանում հնչած 14-ի փոխարեն, որոնցից յուրաքանչյուրը, իր իսկ խոսքով, կարող է զարդարել գիտաժողովը: Պրոֆեսորի հավաստմամբ` այն նվաճել է ավանդական դառնալու իրավունքը` երեք տարին մեկ հաջորդականությամբ, ինչն էլ ծափողջույններով ընդունվեց մասնակիցների կողմից: Իր խոսքում ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը բուհի պրոֆեսորադասախոսական կազմի անունից երախտագիտություն հայտնեց Լևոն Բեկլարյանին և ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին (երկուսն էլ` ծննդով արցախցի), որոնց ջանքերի շնորհիվ կայացել է այս գիտաժողովը, ինչպես նաև` տարբեր երկրներից ժամանած գիտնականներին: Այն, որ գիտաժողովը կայացել է, փաստում են նաև մասնակիցները: