Հետադարձ հայացք

27.11

2018

19801033 1968965846720212 7070991382282999963 o

Երիտասարդությունը երբեմն մարդուն մղում է եսասիրության, ինքնասիրահարվածության։ Իսկ երբ, արդեն իր գլխամաշկին քսանամյա երիտասարդը հանկարծ նշմարում է սպիտակ մազ, հասկանում է, որ ինքը բնության բացառություն չէ և սկսում է։ Մի՞թե ինքը դեռ քսան տարեկան չէ, մի՞թե իր ծնողներն այդ տարիքում արդեն ճերմակ մազ են ունեցել։ Եվ մտովի հիշելով մոր այժմյա դեմքը, հարդարված մազերը՝ հաստատակամ ասում է «Ո՛չ»։ Եվ մի թեթև ժպիտ է նշմարվում նրա շուրթերին։ Իսկ հետո հիշում է, որ մոր մազերն այժմ ներկված են։ Անհանգստացած սկսում է տրորել մազերը, փորձում է կորցնել սպիտակը սևերի մեջ։

Եվ այդպես ժամերով հայելու առաջ մաշվում են ձեռքերը, բայց անօգուտ։ Սպիտակն ամենավերևում էր։ «Այո՛, հիշեցի։ Դա իմ գենն է։ Մեր գերդաստանում մարդկանց մազերն ավելի վաղ հասակում են սպիտակում։ Եվ դա չի նշանակում, որ ես ծերանում եմ»,-նորից փայլատակում է երիտասարդի ուղեղը և գոհ իր կատարած գյուտով նա վերջին անգամ հայելու մեջ ուղղում է մազերը և բաճկոնը հագնելով դուրս գալիս տնից։ Փողոցում քայլում էր այնպես, կարծես աշխարհի տերը լիներ։ Բաճկոնի կոճակները բաց էին, սպորտային կոշիկները փայլում էին իրենց մաքրությամբ, իսկ ամենակարևորը՝ հեռախոսը, ձեռքին էր, ոչ՝ գրպանում։ Մի դպրոցական արագ վազքով մոտենում էր դիմացից։ Նայելով նրան՝ երիտասարդը քմծիծաղ տվեց երևի մտքում ինչ-որ բան հիշեց իր դպրոցական տարիներից։ Այժմ այդ վազքը նրա համար շատ ծիծաղելի էր և ոչ քաղաքավարի։ Երիտասարդի կողքով անցնելիս դպրոցականը պայուսակով բախվեց նրա ձեռքին և կատարվեց սարսափելին հեռախոսը ձեռքից ընկավ ու ջարդուփշուր եղավ։ Եվ նրա զայրույթը․․․ Իհարկե, դպրոցականը ներողություն խնդրեց, բայց ապտակ ստացավ։ Ձեռքը դնելով կարմրած այտին՝ նա լացակումած հեռացավ, իսկ երիտասարդը, հագուրդ տված իր զայրույթին, հավաքում էր հեռախոսի ջարդված կտորները և քայլերն ուղղում ընկերոջ տուն։ Այնտեղ նրան սպասում էին համակուրսեցիները։ Սովորական ընկերական հանդիպում էր։ Բայց ինչպե՞ս կարող էր ջարդված հեռախոսով գնալ։ «Պետք է նորը գնել», - մտածեց նա և վերադարձավ տուն՝ հոր հետ խոսելու։ Հայրը եկել էր ընդմիջման և այժմ խոհանոցում իր ուտելիքն էր ըմբոշխնում։ Մոտեցավ նրան և առանց որևէ հարցի ցույց տվեց կոտրված հեռախոսը՝ միաժամանակ արդարանալով, որ դրա մեղավորը ինքը չէ։ Չմոռացավ ասել, թե ինչպես պատժեց դպրոցականին։ Չմոռացավ պահանջել նաև նորը։ Հայրը խիստ հայացքով նայեց նրան։ Ապտակեց։ Երիտասաարդը սկսեց գոռալ։ Հայրը նորից ապտակեց։ Այս անգամ թողեց և դուրս եկավ խոհանոցից՝ հետևից շրխկացնելով դուռը։ Հայրը հանգիստ նստեց և շարունակեց ճաշը։ Դա ավելի էր վրդովվեցնում երիտասարդին։ Ինչո՞ւ ապտակեց հայրը։ Մի՞թե ինքն էր կոտրել հեռախոսը։ Որոշեց չգնալ ընկերոջ տունը։ Ամաչեց։ Դրա փոխարեն պառկեց բազմոցին ու քնեց։ Մինչև երեկո այդպես փռված էր՝ պոկ չգալով հեռուստացույցից։ Դե, իհարկե, դա լավագույն տարբերակը չէր, սակայն հեռախոսի բացակայության դեպքում կարելի էր հարմարվել հեռուստատեսային հաղորդումներին։ Երեկոյան փոխվեց իրադրությունը։ Հայրը, աշխատանքից վերադառնալով, նրան հանձնեց նոր հեռախոս, որը ավելի լավն էր, քան նախորդը։ Երիտասարդն ապշեց։ «Այս ի՞նչ է պատահել հայրիկին։ Կեսօրին ինձ ապտակեց հեռախոսի համար, իսկ հիմա նորն է բերել»։ Չէր համարձակվում որևէ բան հարցնել։ Բացեց տուփը և տեսավ այնտեղ ծալած թուղթ, որի վրա գրված էր «ՇՆՈՐՀԱՎՈՐ․․․․ առաջին ապտակը դպրոցականի համար էր, իսկ երկրորդը՝ գոռալու»։ Իհարկե, այս խոսքերից նա բան չհասկացավ։ Ավելի շատ իրեն հետաքրքրում էր հեռախոսը։ Եվ արդեն զբաղված էր ծրագրերի ներբեռնմամբ։ Հաջորդ օրն առավոտյան նույնպես անախորժություն տեղի ունեցավ։ Այս անգամ ընկերները նկատեցին նրա սպիտակ մազը։ Բոլորի մեջ «խայտառակ եղավ»։ Նորից ամեն ինչ փոթորկվեց նրա մեջ։ Հեռախոսից հազիվ էր ազատվել, հիմա էլ սա։ Էլի ամբողջ օրը բազմոցին փռված անցկացրեց։ Մի քանի օր տնից դուրս չեկավ։ Բայց ինչպե՞ս կարող էր ամբողջ ժամանակ փակված մնալ տանը։ Ախ, այս խնդիրները, որ միշտ հետևում են երիտասարդներին։ Այդ ժամանակ դրանք նրանց համար այնքան մեծ են թվում, որ պատրաստվում են անգամ հրաժարվել իրենց կյանքից՝ չհասկանալով, որ իրենց կյանքն իրենց չի պատկանում։ Իհարկե, մեր հերոսն այսպիսի մտադրություն չուներ։ Պարզապես տրամադրության անկում էր ունենում, ինչը նրան հոգեկան խռովք էր պատճառում։ Երրորդ օրը որոշեց դուրս գալ տնից։ Առավոտյան դասի գնաց մեքենայով՝ հոր հետ։ Այդ օրը նույնպես ամեն ինչ խառնվեց իրար։ Համալսարանում դասերին չնստեց, քանզի ընկերների առաջարկն ավելի գայթակղիչ էր (նախընտրեց ռեստորանում անցկացնել ժամանակը),իսկ ետդարձի ճանապարհին ստիպված էր երթուղայինով վերադառնալ, որովհետև հայրն ընդմիջման չէր գալու։ Ավտոբուսում էր։ Զանգեց հեռախոսը։ Պատասխանեց։ Ներսում գտնվողները մի քանի րոպե լսում էին նրա անհաճո զրույցն ընկերոջ հետ։ Մի տարեց կին չհամբերեց և նկատողություն տվեց։ Երիտասարդը կոպտեց նրան, իսկ կինը վիավորվեց։ «Ինչպե՞ս ես պատասխանում ինձ։ Չես հարգում անգամ ճերմակած մազերս»։ Ուշադրություն չդարձրեց կնոջ խոսքերին։ Հաջորդ կանգառում իսկ իջավ և ոտքով տուն հասավ։ Բայց չփռվեց բազմոցին, ինչն էլ նշանակում էր, որ նա այնքան էլ ազդված չէր կնոջ խոսքերից։ ․․․Այսպես, անցնում էին նրա օրերը, որոնք ձգվելով տարիներ էին դառնում։ Նա շատերին ապտակեց, վիրավորեց։ Շատ անգամ ամաչեց իր արտաքինի ու ունեցածի համար։ Անցավ երիտասարդությունը։ «Ես»-ը տարիների հետ դարձավ «մենք», որն իր կազմած ընտանիքն էր։

***

Իսկ հիմա ծանոթանանք։ Ես Արամն եմ։ Դիմանկար չունեցող այս երիտասարդը։ Ես արդեն երեսունհինգ տարեկան եմ։ Սա իմ երիտասարդ կյանքի միայն մի քանի օրերն էին, երբ մահու չափ դժբախտ էի համարում ինձ։ Մինչ այսօր իմ գլխին մնացել է միայն այն սպիտակ մազը, որ ունեի քսանամյա տարիքում։ Մինչ այսօր ես ապտակ եմ ստանում իմ հայրիկից՝ բայց արդեն խոսքերի ու խորհուրդների տեսքով։ Իսկ այսօրվա իմ երազանքն է ճերմակ մազերով քայլել փողոցում և զգալ հարգանքի այդ հաճույքը․․․

Անահիտ Հայրապետյան, Հայ գրական. պատմ.,մագ. 1-ին կուրս