ԱրՊՀ լրագրության բաժնի նախաձեռնությամբ հեռուստատեսության միջազգային օրվա առթիվ «Հեռուստատեսության զարգացման հեռանկարները» թեմայով հրավիրվել էր կլոր-սեղան, որին ներկա էր նաև Արցախի Հանրային Հեռուստառադիոընկերության ղեկավար կազմը:
Միջոցառման նախաձեռնող, գրականության և լրագրության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Շուշան Խաչատրյանը, կարևորելով հեռուստատեսության դերը հանրային կարծիքի ձևավորման գործում, գտնում է, որ ժամանակն է այն դարձնել շահագրգիռ քննարկումների առարկա: Դառնալով բուհ-գործատու համագործակցությանը` պատասխանատուն նշել է, որ նպատակ ունեն քննարկման արդյունքում վերհանելու խոչընդոտող գործոնները, նախանշելու գործակցության զարգացման հեռանկարներն ու հնարավոր եղանակները.
«Աշխարհի հեղինակավոր հեռուստաընկերությունների կադրային քաղաքականությունը ձևավորվում է բուհ-գործատու կապի ամրապնդմամբ, որի արդյունքում երկուստեք ստեղծվում են նպաստավոր պայմաններ մի կողմից` առաջարկելու, մյուս կողմից` ընտրելու»,- նշել է Շ. Խաչատրյանը:
ԱՀ գործադիր տնօրեն Մերի Դավթյանը նկատում է, որ երկար ժամանակ որոնել է հանդիպում-քննարկման առիթ և, երբ այն արդեն իրականություն է, պատրաստ է քննարկելու, թե ինչ է ակնկալում հեռուստատեսությունը և այդ համատեքստում ինչ կարող է պահանջվել բաժնից:
Անդրադառնալով հեռուստատեսության որակական և քանակական ցուցանիշներին, ինչպես նաև դրանց հանրային ընկալումներին` Մ. Դավթյանը չխուսափեց խոստովանել, որ հեռուստաէկրանը ցանկալիի չափ դիտարժան չէ, բայց և ընդգծեց, որ այն պայմանավորված չէ բացառապես հեռուստաընկերության աշխատակազմով:
Ինչ վերաբերում է ուսանողների հարցերին և առաջարկներին` հեռուստատեսության ղեկավարությունը դեմ չէ նոր դեմքերի, միայն թե «երազելը» նախապայման է: Ահա այս տրամաբանությամբ և տրամադրվածությամբ բաժնի 2-րդ կուրսի ուսանող Շողեր Սարգսյանը ներկայացրեց «Իմ երազանքի հեռուստատեսությունը» անիմացիան, որի արդյունքում հեռուստառադիոընկերության ղեկավարության կողմից առաջարկ ստացավ իր երազանքները կյանքի կոչելու հեռուստատեսության ստեղծագործական թիմում: Հետաքրքիր գաղափարի համար նույն առաջարկը ստացավ նաև 4-րդ կուրսի ուսանողուհի Վալենտինա Գրիգորյանը:
Լրագրության բաժնի դասախոսներն ու ուսանողները կիսեցին իրենց կարծիք-մտահոգությունները` միաժամանակ առաջարկելով համատեղ աշխատանքով նույն հայտարարի բերել առաջարկն ու պահանջարկը: