ԱՐՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

07.12

2018

IMG 1686 IMG 1641

IMG 1701  IMG 1651

Դեկտեմբերի 6-ին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը «Ներդրումների ճյուղային կառուցվածքի էկոնոմետրիկ վերլուծությունը» թեմայով նախաձեռնել էր գիտական ընթերցումներ՝ զուգահեռաբար ծավալելով քննարկումներ ոլորտի պատասխանատուների հետ:

Քննարկմանը հրավիրված էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը, Ազգային վիճակագրական ծառայության պետ Մանուշ Մինասյանը, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Մհեր Ասրյանը, ԱրՊՀ ղեկավար կազմը, ներկայացուցիչներ պետնախարարի աշխատակազմից, դասախոսներ, ուսանողներ:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ողջունել է ներկաներին և կարևորել ոլորտի ներկայացուցիչների ներգրավմամբ տնտեսագիտության ֆակուլտետի կողմից պարբերաբար արդիական քննարկումների կազմակերպումը` հույս հայտնելով, որ ուսանողները դրանցից յուրացնելու են լավագույնը:

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը, դառնալով ընտրված թեմայի արդիականությանը, նկատում է, որ այն տնտեսական անվտանգության կարևոր բաղադրիչներից է և վերջին շրջանում մեր հանրապետությունում ոլորտը բարեփոխումների փուլ է թևակոխել:

«Վերջին շրջանում բավականին շատ է շոշափվում տնտեսական անվտանգության խնդիրը, որի գնահատման շեմային ցուցանիշ է համարվում նաև ներդրումների մակարդակը: Այսօր ԱՀ Կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը հենց ներդրումային քաղաքականության ակտիվացումն է և գործարար միջավայրի զարգացումը»,- նշել է Ռ. Մանգասարյանը:

Կառավարում մասնագիտությամբ սովորող 2-րդ կուրսի մագիստրանտների կողմից ներդրումների ճյուղային կառուցվածքի ռեգրեսիոն վերլուծության ու ԱՀ տնտեսական ցուցանիշների շրջանակում դրանց արդյունավետության գնահատման վերաբերյալ իրականացված սոցհարցումների և տնտեսության մակարդակը արտացոլող ցուցանիշների վերլուծության հիման վրա ծավալված քննարկմանն արձագանքեցին բոլոր հրավիրվածները: Վերջիններս ոչ միայն բարձր են գնահատել ուսանողների ինքնուրույն եզրակացությունները, այլև տեսակետներ հայտնել քննարկման բաղադրիչների վերաբերյալ:

Խոսելով ԱՀ Կառավարության կողմից վարվող ներդրումային քաղաքականության, դրա արդյունավետության և բարեփոխումների մասին՝ պետնախարարը նշել է, որ ներդրումային համակարգը տնտեսության այն բաղադրիչներից է, որ մշտապես բարելավման կարիք է զգում, և որևէ փուլում դրա արդյունավետությունը բավարար գնահատելը ճիշտ չէր լինի: Ինչ վերաբերում է ուսանողների ինքնուրույն աշխատանքներին՝ Գ. Մարտիրոսյանը դրանք որակել է հետաքրքիր և նպատակային. «Ուսումնասիրության արդյունքներն, ըստ էության, նորություն չեն մեզ համար, սակայն ողջունելի է մագիստրանտների մոտեցումը»:

Գ. Մարտիրոսյանը անդրադարձել է նաև քննարկվող թեմայի վերաբերյալ ԱՀ Կառավարության մոտեցումները, դրանց իրացման ուղիները: