Ուսանողական կյանք. անդեմ նախադասություն

18.12

2018

30710617 226438811447206 3332981109452439552 n

Հենց վաղը, երբ լույսը, հետո խանութը բացվի, քարտեզ եմ գնելու: Մեծ, գունավոր, իսկական-քաղաքական քարտեզ: Աշխարհի բոլոր գետերով, ծովերով, օվկիանոսներով: Հենց քարտեզ գնեմ, ամեն ինչ իր տեղը կընկնի:

                                                            ***

Չնայած գիրքը ընթերցել էի, գրադարան չգնացի ու այսօր երեկոյան նոր գիրք չեմ կարող ընթերցել: Նշանակում է` երեկոն տխուր է ու անիմաստ: Առավոտյան գրադարանում համոզում եմ, որ 2-ի փոխարեն 3 գիրք տան, ասում եմ՝ 10 օրում 3-ն էլ կբերեմ: Տալիս են:

***

Վաղվա ստուգարքի համար ամբողջ օրը ինչ-որ էջեր եմ կարդացել, ու հիմա արդեն վաղվա ստուգարքի օրն է, այսինքն` կեսգիշերն անց: Հիշել եմ, որ դասի ընթացքում նոթատետրիս մեջ նշումներ եմ արել, ուզում եմ դրանք էլ կարդալ: Չեմ գտնում: «Գրողը տանի, էս փոքր բլոկնոտում ինչ ասես կա՝ կապույտով, կարմիրով, կանաչով գրված՝ հարցազրույցներ, թերթային հայտարարություն, հեռուստատեսային սցենար, գրքերի անուններ, մեջբերումներ, հեռախոսահամարներ ու… բանաստեղծություններ: Օրերի, մարդկանց ու տխրության մասին: Կապույտով, կարմիրով ու կանաչով»:

Ինչ փնտրում էի գտա, կարդացի, հասկացա կարծես: Ի դեպ էս տողերն էլ նույն նոթատետրում եմ գրում, չնայած գիտեմ՝ մի օր էլ սա եմ փնտրելու ու բարկանալու: Վաղվա ստուգարքից առաջ լուսաբանվելիք նյութն էլ էստեղ կգա, դրա համար էլ տեղ կգտնվի, որովհետև այստեղ նույնիսկ բանաստեղծություններ կան՝ սպասող, կյանքին խառնված, բայց մի տեսակ անկյանք բանաստեղծություններ:

***

Չեմ սիրում, երբ ուշանում են: Ես էլ աշխատում եմ չուշանալ, բայց երբեմն ստացվում է: Ստացվում է ոչ թե այն պատճառով, որ շատ զբաղված եմ, այլ որովհետև երբեմն վերջին պահին քիչ է մնում միտքս փոխեմ ու չգնամ: Ճիշտն ասած այդ մասին շատ եմ մտածել՝ նույնիսկ երազանքներից հրաժարվելու իմ սովորության մասին, երբ դրանք հնարավոր է արդեն իրականան: Մտածել եմ ու հասկացել՝ պայքարել չեմ սիրում:

***

Չնայած ցուրտ էր, ձեռքերս տաք էին՝ տարօրինակ բան, անգամ ամռանն են սառը լինում: Եղունգներս բաց վարդագույն էին, ուզեցի տեսնել, թե ինչ գույն ունեն ուրիշների եղունգները, բայց բոլորինը ներկված էին:

                                                              ***

«Թեյ կխմե՞ս» հարցնում եմ և պատասխանում՝ «այո»: Երբեմն տխուր է ստացվում, բայց միշտ չէ այդպես: Փոքր քրոջս շատ եմ կարոտում: Երբեմն տխուր է ստացվում, բայց միշտ չէ այդպես:

                                                             ***

Մի անգամ, երբ բարկացած էի, այնպես էի նայում մարդկանց, կարծես ոչ միայն իրենք մեղավոր են, այլ մի քիչ, դե… անհասկացող են: Այդ պահին ինչ-որ հարազատ, շատ ծանոթ բան զգացի: Ես չգիտեի, թե ինչ հայացք էր դա, բայց համոզված էի՝ մի անգամ հենց նույն հայացքով ինչ-որ մեկն էլ ինձ էր նայել: Հետո տանը՝ հայելու դիմաց փորձեցի նորից նույն հայացքով նայել, բայց չստացվեց: Այնքան զարմացա, որ անգամ մի քիչ ուրախացա: Հաստա՛տ, ես էլ եմ մեղավոր ու անհասկացող:

                                                            ***

Արդեն քարտեզ ունեմ՝ մեծ, գունավոր, իսկական-քաղաքական քարտեզ: Աշխարհի բոլոր գետերով, ծովերով, օվկիանոսներով: Աշխարհը փոքրացրել եմ պատին ու հիմա ամեն օր սուրճի կամ թեյի բաժակը ձեռքիս մտածում եմ ՝ ո՞ւր գնալ: Երևան, Կարին, Ադանա, Միջերկրական ծով, հետո անցնում եմ Ջիբրալթարի նեղուցով ու ընկնում Ատլանտյան օվկիանոս: Վերջ: Ատլանտյան օվկիանոսը չեմ կարողանում անցնել, լավագույն դեպքում վերադառնում եմ: Բայց, գիտե՞ս, օրեր կան՝ ոչ մի տեղ չեմ կարողանում գնալ: Այդպիսի շատ օրեր կան:

                                                            ***

Եթե կգրես, մի 2 տող էլ դու գրիր, պատմիր՝ ինչպես ես և ինչ ես անում, թե չէ ցածր առաստաղով այս նեղ սենյակներրն արդեն սիրտ են մաշում:

Արաքս Միրզոյան

Լրագրություն, 3-րդ կուրս

Обновлено 18.12.2018 07:43