ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՀԱՐԹԱԿ`ԱՐՑԱԽԸ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

27.12

2018

42910625 1838538716201439 5145905148899360768 n

Արդեն երեք տարի է` ինչ Ստեփանակերտում գործում է վիքիակումբ: Ակումբում գրանցվածների թիվը ներկայումս հասնում է մոտ 200-ի, իսկ ակտիվ մասնակիցներինը՝ 30-40, որոնք խմբագրում են տարբեր թեմաներով հոդվածներ: Գլխավոր նպատակը, ակումբի համահիմնադիր և համակարգող Իրինա Սաֆարյանի հավաստմամբ, Արցախում Արցախի մասին հոդվածներ գրելն ու վիքիպեդիա ազատ հանրագիտարանը հարստացնելն է այդպիսի հոդվածներով:

38849814 1772764736112171 1704163433013837824 nԱրցախին վերաբերող հոդվածները հիմնականում գրվում են այն ուսանողների կամ հասուն վիքիխմբագիրների կողմից, ովքեր գիտական աշխատանքներ են գրել և կարող են վերլուծություններ անել: 2017 թ. «Թումո»-ի հետ համագործակցության արդյունքում գրվեցին Ասկերանի շրջանի 10 գյուղերի մասին հոդվածները:

Ի. Սաֆարյանի խոսքով՝ ակումբում կազմակերպում են տարբեր միջոցառումներ ինչպես դպրոցականների, այնպես էլ ուսանողների համար:

«Ընթացքի մեջ է «Մուլտֆիլմերի խմբագրաթոն» կրթական ծրագիրը, որի նպատակը՝ հայերեն վիքիպեդիայում մուլտֆիլմերին վերաբերող թեմաներ ստեղծելն ու բարելավելն է: Ծրագիրը տևելու է մինչև նոյեմբերի 22-ը, որի շրջանակներում դպրոցականները տարբեր լեզուներից մուլտֆիլմեր են թարգմանելու հայերեն վիքիպեդիայում»,- ասաց Ի. Սաֆարյանը և տեղեկացրեց, որ հաղթողները կպարգևատրվեն:

Տարին մի քանի անգամ Ծաղկաձորում կազմակերպում են վիքիճամբարներ, որին հնարավորություն են ստանում մասնակցել ակումբում ակտիվ խմբագրող երեխաները և ուսանողները: Ի. Սաֆարյանի կարծիքով՝ վիքիպեդիայի առավելությունը նրա մեջ է, որ կատարված աշխատանքը տեսանելի է բոլորին, և դա հնարավորություն է տալիս թափանցիկ որոշելու՝ ովքեր են մասնակցելու ճամբարներին:

33501353 1662501687138477 8072723501955416064 n«15-16 տարեկան երեխաները, մասնակցելով ճամբարներին, 10 օր շարունակ վայելում են իրենց հանգիստը, ձեռք բերում նոր ընկերներ, խմբագրում նոր հոդվածներ: Մեր վիքիակումբը մասնակցել է 6 ճամբարի: Կարող եմ վստահ ասել, որ ճամբարներում Արցախի թիմն իր յուրահատուկ տեղն ունի: Երեխաները միշտ աչքի են ընկնում իրենց պատրաստվածությամբ, գիտելիքներով և ակտիվությամբ: Ճամբարներից բացի կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ, հրավիրում հետաքրքիր մարդկանց, նպատակ ունենալով՝ հանրաճանաչ դարձնել վիքիպեդիայի և վիքիակումբի գաղափարը: Ջերմ հանդիպումները նաև առիթ են հանդիսանում որոշակի խնդիրների լուծմանը. երեխաները շփվելով ազդեցիկ մարդկանց հետ ոգևորվում են և դառնում ավելի ինքնավստահ»,- նշեց Իրինան, հավելելով, որ կան մի շարք համագործակցություններ տարբեր լեզուների վիքիպեդիաների հետ, որի հաղթողին հնարավորություն են տալիս՝ մեկ շաբաթով մեկնելու համապատաասխան երկիր և տեղում ծանոթանալու այն ամենին, ինչի մասին հոդված է վերջինս խմբագրել:

Ի. Սաֆարյանը հպարտությամբ է խոսում իր վերջին նվաճման՝ վիքիմանիային մասնակցելու մասին`վիքիպեդիստների համաշխարհային հավաք, որտեղ հավաքվում են աշխարհի տարբեր ծայրերից բոլոր վիքիխմբագիները և քննարկում վիքիպեդիայի և վիքիմեդիայի մի շարք այլ նախագծերին վերաբերող հարցեր: Այս տարի աշխատանքի նվիրվածության և վիքիշարժման մեջ ունեցած ներդրման համար վիքիմանիային մասնակցելու կրթաթոշակ ստացավ Իրինա Սաֆարյանը:

«Այս տարի մասնակցել եմ Հարավային Աֆրիկայի Հանրապետության Քեյփթաուն քաղաքում կազմակերպված Վիքիմանիային, որտեղ 800 մասնակիցների մեջ ներկայացնում էի Արցախը: Ինձ համար մեծ նվաճում էր, քանի որ Վիքիմանիային մասնակցում էի ոչ թե պարզապես որպես անհատ, այլ ներկայացնում էի ամբողջ Արցախը: Անբացատրելի զգացողություններ էին առաջանում, երբ աշխարհի տարբեր ծայրերից հավաքված մարդիկ հարցնում էին Արցախից, ցանկանում իմանալ մեր պատմությունը և հետաքրքրվում մշակույթով: Ծանոթացա նաև վիքիպեդիայի հիմնադիր Ջիմմի Ուելսի հետ՝ ներկայացրի վերջինիս Ստեփանակերտի վիքիակումբը և փոքրիկ հուշանվեր փոխանցեցի Արցախից»,- պատմեց Իրինան:48404092 1075540135981253 15186463192776704 n

Ստեփանակերտի վիքիակումբում նախատեսվում է առաջիկայում կազմակերպել վորքշոփ՝ ուսանողների համար: Նպատակն է՝ ուսանողներին սովորեցնել հայերեն վիքիդարան խմբագրել և այն հարստացնել Արցախի մասին պատմող հոդվածներով:

Ի. Սաֆարյանը, կարևորելով նախագիծը, նշեց, որ այն հեռանկարային է, քանի որ ոչ միայն հոդվածներ են գրվում Արցախի մասին և դրանով իսկ նպաստում Արցախի ճանաչմանը, զարգացնում հայերեն վիքիպեդիան, այլ նաև որպես կամավորական աշխատանք` այն մեծ գնահատում ունի ժամանակակից աշխարհում, հատկապես երբ խոսքը գնում է արտասահմանում բուհ ընդունվելու մասին:

Աննա Պետրոսյան, լրագրություն 3-րդ կուրս

 

Обновлено 27.12.2018 13:20