ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ` ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼՈՒ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՀԱՆԳՐՎԱՆ

16.01

2019

50010195 390956851678172 3782691527105445888 n

Ուսանողական ակտիվ և ստեղծագործ կյանքում իր անհատականությամբ առանձնանում է ԱրՊՀ հայոց լեզու և գրականություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Ալլա Ադամյանը, ում համար ուսանողական կյանքը ստեղծագործելու նպաստավոր հանգրվան է.

-Ալլա, մեր օրերում ստեղծագործող ուսանողը ինչպիսի՞ հոգեկերտվածք պետք է ունենա, և ի՞նչն է պակասում:

-Ստեղծագործող անհատի միտքն անընդհատ փնտրտուքի մեջ է: Պետք է համառորեն աշխատել, ջանք ու եռանդ չխնայել, քո ունեցած շնորհը սեփական ժողովրդին ու գրականությանը ծառայեցնել: Միայն մեծ աշխատասիրությամբ մարդը կարող է հասնել ստեղծագործական հաջողությունների: Ե’վ գիտական, և’ մշակութային շփումներից, կարծում եմ, առավել շահավետ է շփումը գրքի հետ:

-Ուսանողական կյանքի հետ համատեղ դու ակտիվ ես ամենուր` գիտական, գրական բնագավառներում` հավաքներ, միջոցառումներ, բանավեճեր, հանդիպումներ: Ակտիվ ես նաև համացանցում: Որքանո՞վ է այդ դաշտը հասանելի և օգտակար այսօրվա ուսանողին:

-Համացանցային դաշտում ես իմ հետաքրքրությունը սպառում եմ հետաքրքիր նորություններ իմանալով, առավել մեծ ուշադրություն սևեռելով երիտասարդների աշխատանքներին, նրանց ստեղծագործ ուժով կատարված նորամուծություններին և գրառումներին: Սիրում եմ այդ դաշտում կարդալ, լսել ասմունք և ստանալ բավականություն:

-Ալլա, չնայած դու դեռ գրողների միության անդամ չես, բայց քո կապն այդ աշխարհի մարդկանց հետ իրականանում է գրեթե ամեն օր` դասախոսություններ, հանդիպումներ: Ի՞նչ հեռանկարային ծրագրեր ունես:

- Կարծում եմ` դեռ այն աստիճան չեմ կայացել, որպեսզի լրացնեմ նրանց շարքերը, բայց հանդիպումներ եմ ունեցել, շփվել, զրուցել, հարցեր քննարկել: Իսկ ստեղծագործում եմ գիշերը: Մի ժամանակահատված, երբ չկա խոչընդոտող ոչ մի ազդակ: Հուսով եմ` հեռանկարում ես դեռ կունենամ ստեղծագործական վառ ուղի:

-Ո՞վ կամ ի՞նչը առաջինը ծնվեց քո տողերում: Ինչպիսի՞ն է քո առաջին բանաստեղծության նկարագիրը:

-Իմ առաջին տողերը մորս են նվիրված, ստեղծագործում եմ մանկուց, իսկ ուսանողական կյանքը ընթացք հաղորդեց իմ բանաստեղծությանը: Իմ հոգում բառերի տեղատարափ է: Առաջին տողերիս ծնունդը մորս այցի գալն էր իմ երազում և իմ կյանքում մի նոր աշխարհ ստեղծելը, քանի որ, ցավոք, նրա հետ կապված ամեն ինչն է երազ: Նրա կորստից ծնվում են տողեր` անբացատրելի, անվերծանելի:

- Քո տողերում, ասես, մի թեմա է ընդգծվում` բազմամարդ հասարակությունում միայնություն և տագնապի զգացողություն: Ինչպե՞ս կբնութագրես այն:

-Իմ ամեն մի նոր գրության ու տողի մեջ կա մի յուրահատուկ պատկեր: Ինչքան էլ շատ ստեղծագործեմ, նրանցից յուրաքանչյուրի մեջ մշտապես կա թախիծ, ափսոսանք, ցավ, և ամենավերջում` անհագ կարոտ` հասնելու լուսնի լույսին, որն էլ հենց կլինի իմ անդրանիկ գրքի վերնագիրը` «Փոթորիկ լուսնի վրա»:

-Ինչպե՞ս ես ընկալում նորօրյա գրողներին ու նրանց բանաստեղծությունները:

-Սկզբից շատ դժվար ընկալեցի ազատ միտքը, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ ազատությունն, անշուշտ, անհրաժեշտ է բանաստեղծությանը: Կյանքում էլ այդպես է: Անազատության մեջ է հստակ զգացվում ազատության գինն ու կարևորությունը: Վանդակում ապրող թռչունն անգամ մի նպատակ է ունենում` ազատ թռիչք: Բանաստեղծությունը ևս պետք է ազատ լինի հանգ ու վանկի կաղապարից: Անթաքույց հաճույքով եմ ընթերցում մեր արցախահայ գրողների ստեղծագործությունները: Նաև շնորհակալ եմ երիտասարդ գրող Հայասեր Հովսեփյանին, ում օգնությամբ ես առաջին անգամ զգացի բանաստեղծության շունչն ու ձայնը:

-Գրողի դիմանկարը ժամանակի արտացոլա՞նքն է, թե՞...

-Յուրաքանչյուր գրող կերտում է իր ապրած ժամանակը, և յուրաքանչյուր ժամանակաշրջան` կերտում իր գրողին: Հետևաբար գրողը չի կարող ամբողջովին անկախ լինել իր ապրած ժամանակից: Գրողի լավագույն դիմանկարը ճշմարիտի, գեղեցիկի և իր ապրած ժամանակաշրջանի գեղարվեստական արտացոլանքն է յուր ստեղծագործություններում: Եվ ինչպես իմ շատ սիրելի գրող Չարենցն է ասում. «Տեղ չի հասնում նա, ով ավտոյի դարում ֆայտոն կնստի»:

-Ո՞ր ստեղծագործությունն ես ամենաշատը սիրում:

-Իմ սիրելի գործերից է Վարդան Հակոբյանի «Հայրենիք» բանաստեղծությունը, որտեղ բանաստեղծը մոր ձայնով գնում է մանկություն, և այդ սերը մոր ու հայրենիքի հանդեպ հավասարազոր է: Շատ հավանեցի նաև մեր օրերի գրող Մարտիրոս Ոբնի «Ռեկետ»-ը, որի գաղափարը խավարի մեջ լույսի առկայության բնորոշումն է, կրկին ընկերասիրություն ու հայրենասիրություն:

-Քո մաղթանքը` ուսանողներին:

-Մաղթում եմ ստեղծագործական եռանդ, մշտապես ունենան մտքի ազատություն և կամքի մեծ ուժ: 

             Հարցազրույցը` Անահիտ Հակոբյանի

Обновлено 16.01.2019 10:50