ԱրՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՂԹՈՂ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

29.01

2019

 0802bac3b012a1a687a265c0

Արդեն մի քանի տարի է` ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարում է մրցույթ բարձր առաջադիմությամբ ուսանողներին Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ նշանակելու համար: Մրցույթին մասնակցել են նաև ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներ և ճանաչվել հաղթող` արժանանալով Ի. Իսահակյանի անվան 6-ամսյա կրթաթոշակի:

Մրցույթը հայտարարվել էր Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Տնտեսագիտության մագիստրոս» ծրագրի և Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների համար: 

KB

Մրցույթին ԱրՊՀ-ից մասնակցել է հինգ ուսանող` ներկայացնելով վերլուծական-հետազոտական աշխատանք: Հաղթող է ճանաչվել «Կառավարում» մասնագիտացմամբ մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողուհի Յանա Իսախանյանը` «Ներդրումների ճյուղային կառուցվածքի ռեգրեսիոն վերլուծությունը» թեմայով (ղեկավար` տ.գ.թ., դոցենտ Ռ. Մանգասարյան), ֆինանսներ 4-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Մխիթարյանը` «Կյանքի որակի գնահատման բաղադրյալ ցուցանիշները» թեմայով (ղեկավար` տ.գ.թ., դոցենտ Ռ. Մանգասարյան), ֆինանսներ 4-րդ կուրսի ուսանողուհի Անգելինա Նասիբյանը` «Մակրոպրուդենցիալ քաղաքականությունը» (ղեկավար` տ.գ.թ., դոցենտ Ն. Ավանեսյան):

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը հպարտությամբ է նշում, որ յուրաքանչյուր տարի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները մասնակցում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված մրցույթին և միշտ էլ հաղթանակ են արձանագրում.«Այսպիսի մրցույթների արդյունքները ևս մեկ անգամ փաստում են, որ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը լավ է աշխատում, և մեր ուսանողներն իրենց մասնագիտական գիտելիքներով չեն զիջում այլ բուհերում սովորող ուսանողներին: Հպարտ ենք նաև, որ մեր ուսանողները Արցախի պետական համալսարանի անունը բարձր են պահում միջբուհական տարբեր մրցույթներում»:

Հավելենք, որ «Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի» մրցույթն անցկացվում է 2003 թ.-ից սկսած: ԿԲ խորհուրդն ամսական 50.000 դրամի չափով, 6 ամիս ժամկետով Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ է սահմանում հաղթող ճանաչված ուսանողների համար: