Միջին Եվրոպայի համալսարանի և Մայր բուհի միջև ստորագրվեց պայմանագիր

13.02

2012

   Այսօր Արցախի մայր բուհ է ժամանել Սլովակիայի պատվիրակությունը: Այցը կարելի է պատմական քայլ համարել:

Միջին Եվրոպայի և ԱրՊՀ համալսարանների միջև ստորագրվեց համագործակցության պայմանագիր, որով անշուշտ հետաքրքիր աշխատանքային ծրագրեր են նախանշվում: Հյուրերը առաջին հերթին զոհված ազատամարտիկների հիշատակին կանգնեցրած հուշակոթողին ծաղիկներ դրեցին: Հանդիպումն այնուհետև շարունակվեց ռեկտորի աշխատասենյակում: Ողջունելով հյուրերին` Ստեփան Դադայանը բարձր գնահատեց ԱրՊՀ համալսարանի հետ փոխգործակցություն ստեղծելու Սլովակիայի Սկալիցա քաղաքի միջին Եվրոպայի համալսարանի նախաձեռնությունը, խոստովանեց, որ մեծ պատրաստականությամբ է ընդունում այս առաջարկը: Հեյդե Շվարցովան խոսեց իր ղեկավարող կրթօջախի մասին: Նախատեսվում է համատեղ ակադեմիական, գիտակրթական ծրագրերի իրականացում, ուսանողների փոխանակում և դասախոսների փոխայցելություն, իսկ ամենագրավիչը թերևս այն հնարավորությունն է, որ ընձեռնում է մեր ուսանողներին: Կրթական ծրագրի 50% համատեղության դեպքում նրանք կարող են ստանալ նաև գործընկեր կրթօջախի  դիպլոմը, որն ի դեպ ընդունվում է Եվրոմիության երկրներում: Փոխգործակցության ծրագրերը ֆինանսավորվելու են արևելյան Եվրոպայի երկրների` Սլովակիայի, Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի գիտակրթական ծրագրերի աջակցելու համար ստեղծված հատուկ հիմնադրամի կողմից: Համաձայնագրի կնքման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ նման միջոցառումների համար նախատեսված կաբինետում` եղբայր համալսարանների համագործակցության կենտրոնում: Շնորհավորելով ներկաներին` ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը ասաց, որ այս ձեռնարկը կարևոր քայլ է Արցախի ճանաչման ճանապարհին: Նրա խոսքով. Մշակույթի, կրթության  և համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի հասնել մեծ բարձունքներին:

DSC00443DSC00468

DSC00429