ԻՄ ՄԱՅՐ ԼԵԶՈՒ

21.02

2019

Lusine OhanjanyanՄայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ ԱրՊՀ հայոց լեզվի ամբիոնի կողմից հայտարարաված «Լավագույն ստեղծագործող» մրցույթում Լուսինե Օհանջանյանը զբաղեցրել է 2-րդ տեղը: Ներկայացնում ենք նրա աշխատանքը:

Մայրենի լեզու…Այս բառահյուսքի մեջ ամփոփվում է մի ողջ պատմություն, մի ժողովուրդ, ում վիճակված էր դարերի զառիթափներում մաքառել իր պետականության, սեփական լեզուն ու մտածողությունը, սեփական գիր ու գրականությունն ունենալու իրավունքը պաշտպանելու համար:

Հայ ժողովուրդն իր ճանապարհին փլվածքներ շատ է տեսել, սակայն մայրենի լեզուն վառ կերոնի պես հանել է նրան մշուշոտ աղջամուղջից ու հասցրել լուսապայծառ բարձունքներին:

Մայրենի լեզու…Այսքան թանկ գանձ աշխարհի ոչ մի թանգարանում չկա, այսքան քաղցր ու նվիրական բան երկրի երեսին չես կարող գտնել, որ ապրեցրել է մի ողջ ժողովրդի, իմաստավորել նրա գոյությունը, ուղենշել սլացքը:

Ուզում եմ բառե քանդակ հյուսել նրա մասին, սակայն չգիտեմ, թե թանկարժեք ինչ նյութ ընտրեմ այն կերտելու համար: Կկերտեմ այն մի բարձր ու սեգ պատվանդանի վրա, որ լույս ճառագի սերունդների ուղիների` մութ բավիղներում չմոլորվելու համար, որ հար շողա ու զրնգա արփիազօծ երկնակամարում, փայլատակի թրի պես, որ ոսոխը տեսնի ու սարսափի, որ հպարտանանք ու զորանանք նրանով:

Գիտե՞ք` նյութն ընտրել եմ: Դա բառն է, իր իսկ ձեռքով հյուսած բառը, բառե քանդակը կարծր է, պիրկ, նրան ոչ մի կրակ ու սուր, ոչ մի կայծակ ու թուր չեն կարող փլել: Բառը զենք է` աշտե, մկունդ, նիզակ, որով կարելի է խոցել, պայքարել ու պաշտպանվել: Ուրեմն մեր լեզուն այն հզոր զենքն է, որով մեր քաջերն ասպարեզ դուրս եկան ու զինավառ թշնամուն հաղթեցին: Ուրեմն հաղթանակ կերտողն էլ է լեզուն, ոխերիմներին ծնկի բերողն էլ է լեզուն, խաղաղություն ու հաշտություն կնքողն էլ է լեզուն:

Հարկ է, որ մշտաբորբ պահենք այն, քանզի տառապանքների ու տքնանքների բազում գիշերներ է լուսացրել մեծն Մաշտոցը նրա ստեղծման համար: Դյուրին չէր աստվածառաք այդ գյուտը հնարելը և նույնքան դժվար է այն սերնդեսերունդ բերելը: Այսօր եկել և մեզ է հասել նրա հնչուն ղողանջը, մեր ունկերում այն հնչում է նույնքան խրոխտ ու զվարթ, ինչպես հնչել է դարեր առաջ:

Ես սիրում եմ իմ մայրենին, ես զգում եմ նրան ողջ էությամբ, արյունովս ու ավյունովս: Այնքան եմ սիրում, որ կանեմ ամեն ինչ նրա անաղարտության ու անեղծության համար, որ հավերժ շնչեմ նրա թարմությունը, ըմբոշխնեմ նրա համը:

Ես սիրում եմ իմ մեծ ուսուցչին, այր, որ ուծացումից փրկեց մեզ, որ հզոր նեցուկ դարձավ գահից ու ինքնուրույնությունից զրկված մի երկրի, որ քաջերի ձեռքին զենք դրեց, հոգի տվեց ամենքին, և նրա գյուտը ջահ դարձավ մեր տառապած ժողովրդի ճանապարհին: Նա իր սուրբ աջով տիրաբար ծնեց նոր ու սքանչելի մի լեզու, որով իմաստավորեց մեր գոյությունը, արժևորեց մեր պատմությունը:

Պատահական չէ, որ ընտրել եմ այնպիսի մասնագիտություն, որի մեջ խորանալու ճանապարհին ես կհանդիպեմ իմ լեզվի ճոխություններին, կմտնեմ նրա հարուստ գանձարանը, մի բառ էլ ես կավելացնեմ այնտեղ, ու կհայանա հոգիս, սիրտս կցնծա նրա խորը իմացությամբ: Շաղ կտամ իմ գիտելիքները մեր մանուկների սրտերում, որ մեր լեզուն ավելի հարստանա ու հզորանա:

Ես սիրում եմ իմ ընտրած ուղին ու հպարտ եմ, որ աշակերտասեր մեծն Մաշտոցի արժանի հետնորդն եմ, իմ մայրենի լեզվի երկրպագողն ու պաշտողը:

 

                                                                                                                             Լուսինե Օհանջանյան,                                                                                                                          հայոց լեզու և գրականություն, 1-ին կուրս

Обновлено 21.02.2019 11:09