Արցախի պետական համալսարան

IMG 6211 IMG 6337

IMG 6298 IMG 6202

Փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզվի միջազգային օր: ԱրՊՀ- ում օրը նշանավորվեց միջոցառմամբ, որը նախաձեռնել էր բանասիրական ֆակուլտետի ակադեմիկոս Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնը: Ողջունելով ներկաներին և շնորհավորելով տոնի առթիվ` ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Հասմիկ Ղազարյանը կարևորել է օրվա խորհուրդը:

«Մեր լեզուն լուսե կանթեղ է, որը մեզ ուղեկցել և ուղեկցում է դեպի հավերժություն, լուսավորում է մեր ժողովրդի ճանապարհը և ժամանակի հորձանուտում հային պահում հայ: Ժողովրդին կործանումից փրկող, միավորող, գալիք օրհասների դեմ նրան զինող, նրա հարատևումն ապահովող միակ, պարզ ու հասարակ թվացող բանը` հայոց տառերը` հայոց գիրը, ուժեղ դուրս եկավ հայ ժողովրդի ունեցած բոլոր զենքերից»,-նշել է նա:

Միջոցառման ընթացքում ուսանողները մայրենի լեզվին ձոնված բանաստեղծություններ են ասմունքել, ելույթներում կարևորել մայրենի լեզվի դերը ազգային ինքնությունն ու դիմագիծը պահպանելու գործում:

«Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում կան սրբություններ, որոնք կարող են լինել նման կամ տարբեր, սակայն մայրենին` իբրև սրբություն, ընդհանուր է բոլորի համար», - ասել է ուսանողուհի Էդիտա Ալթունյանը:

Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ ակադեմիկոս Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնը հայտարարել էր «Լավագույն ստեղծագործող» և «Լավագույն ասմունքող» մրցույթը: «Լավագույն ասմունքող» անվանակարգում 1-ին տեղն է զբաղեցրել Անժելա Սահակյանը, 2-րդ տեղը` Լիլիթ Մարգարյանը, 3-րդ տեղը` Մարիամ Ասրյանը:

«Լավագույն ստեղծագործող» անվանակարգում 1-ին տեղն է զբաղեցրել Հերմինե Արզումանյանը, 2-րդ տեղը` Լուսինե Օհանջանյանը, 3-րդ տեղը` Աննա Մուսայելյանը:

Մրցույթներում հաղթողները ամբիոնի կողմից պարգևատրվել են պատվոգրերով, իսկ մյուս մասնակիցները` գրքերով:

Հիշեցնենք, որ 1999 թվականի նոյեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում ընդունեց ստեղծել մայրենի լեզվի միջազգաին օր: Իսկ 2000 թվականի փետրվարի 21-ից ամբողջ աշխարհը սկսեց տոնել իր մայրենի լեզվի միջազգային օրը: