Արցախի պետական համալսարան

52908266 812243149112166 8244132000311541760 n 53532460 812243082445506 894081581071728640 n

Այս օրերին խոնարհումի և ոգեկոչման արարողություններ են տեղի ունենում` ի հիշատակ սումգայիթյան անմեղ զոհերի: Փետրվարի 28-ին ՄԵՀԶ նախարարության և ԱրՊՀ համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում կազմակերպվել Է միջոցառում, որի ընթացքում հնչել են 1988թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում հայերի հանդեպ կատարված ցեղասպանությունը դատապարտող ելույթներ և ցուցադրվել «Սովորական ցեղասպանություն» ֆիլմը: Միջոցառմանը մասնակցում էին ԱրՊՀ դասախոսներ և ուսանողներ:

Բացման խոսքով հանդես է եկել ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ով, խոսելով Սումգայիթում հայերի զանգվածային տեղահանության և բնաջնջման քաղաքականության մասին, ասել է. «Սումգայիթում տեղի ունեցածը, իրավամբ, պետք է համարել ցեղասպանություն, որովհետև հայերին թալանում, սպանում էին միայն նրանց ազգային պատկանելության համար: Հայ ազգի դեմ իրականացրած հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը՝ ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով»:

ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Արմինե Խաչատրյանը նշել է, որ Ադրբեջանը, ի պատասխան արցախահայության արդարացի պահանջի՝ խաղաղ ճանապարհով լուծելու ինքնորոշման հարցը, կիրառեց բիրտ քաղաքականություն՝ ոճրագործություններով, որոնցից մեկն էլ Սումգայիթի արյունալի դեպքերն են:

ԱրՊՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զարինե Սառաջյանը, ով այդ ջարդերի ականատեսն է, ներկաներին պատմել է իր հիշողություններից. «Ես այդ ժամանակ 4 տարեկան երեխա էի։ Ապրում էինք «եղբայրական» Ադրբեջանում՝ շրջապատված ադրբեջանցիներով: Այդ արյունալի իրադարձությունների հետևանքում ես և այնտեղ ապրող իմ հայ հասակակիցներն ունեցանք խեղված մանկություն։ Հիշում եմ, որ օրերից մի օր մայրս բոլորիս արգելեց բակ իջնել, ընդհատվեցին բոլոր խաղերը։ Աշխույժ զրույցներն ու ծիծաղը մեր տանը փոխարինվեցին վախեցած շշուկների և լացի։ Գազազած ադրբեջանական ամբոխը թմրանյութերի ազդեցության տակ վխտում էր փողոցում՝ գոռալով, սուլոցներով, հայ էին փնտրում՝ հոշոտելու, ողջակիզելու»:

ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության ամբիոնի դասախոս, դոցենտի պաշտոնակատար Արևիկ Պետրոսյանն ընդգծել է.«Սումգայիթյան ջարդերը իրականություն դարձան, որովհետև 1915թ. Հայոց ցեղասպանությունը մնաց անպատիժ, և հայ ժողովուրդը ի վիճակի չէր նույն ձևով նրանց պատասխան տալու: Մեր ճակատագրի տնօրինողը և մեր անվտանգությունն ապահովողը մենք ենք: Սահմանին կանգնած զինվորն է այն երաշխավորը, որ հայ ժողովուրդը այլևս չի ենթարկվի նման սպանդի»: