Արցախի պետական համալսարան

34963032 546991175702509 8678435751798505472 nՀայ կնոջ գեղեցկությունը տաղանդաշատ նկարիչը կանվաներ դասական և կատարյալ: Դա հատկապես այն գեղեցկությունն է, որ զննելիս ներշնչվում ես հավատով, տեսնում կանոնավոր դիմագծեր: Նրա շքեղ ու փայլուն վարսերը, հազարաերազ ու հազարագութ աչքերը, քչախոս շուրթը և երիտասարդ մարմնի բոլոր շարժումները ձուլված են իրար, կազմել են մի ամբողջականություն, ներդաշնակ մի ակորդ, որի համար բնությունը ամենափոքր չափով անգամ չի սխալվել:

                                                                                                            Ա. Չեխով

Դու` ինչպես ծաղիկ, որ հավերժական սիրով է պտղում...

Դու լայնախոհ ես, շրջահայաց, ոչ միայն իրավունք չունես, այլև դատապարտված ես նեղմիտ չլինելու:

Դու ազգ փրկող արքայադուստր Ծովինար ես եղել, եղբայր փրկող արքայաքույր Տիգրանուհի: Արժանապատվության դասեր ես տվել արքաներին դշխուհի Փառանձեմի նման, խիզախության դասեր` Անիի հերոսուհի Այծեմնիկի նման, վտանգի պահին Սոսե ես դարձել` արծվասիրտ նվիրյալ ազատության: Իսկ երբ սպառվել է մաքառելու ամեն մի հնար, դու անձնասպան ես եղել` ոսոխի պիղծ հպումներից զերծ մնալով, գետերի, անդունդների խորքերում պահ տալով քո անմեղությունը...

Անշու՛շտ: Ժամանակը դանդաղ է փոխում ազգային հոգեբանությունը: Ինչքան էլ վազենք քաղաքակրթության հետևից, միևնույն է, էլի հայ կնոջ մեջ ենք փնտրելու ու գնահատելու համեստությունը, խոհեմությունը, առաքինությունը...

Հանապազօրյա վազքի մեջ դու մոռանում ես անձնական կյանքդ` անվերապահորեն նվիրվելով ընտանիքիդ:

Այսպիսին ես եղել, այսպիսին ես լինելու, հերոսածի՛ն էակ: Սիրում ես գեղեցիկը, պարկեշտությունը, ավանդականը: Ատում ես դավաճանությունը, հավատարմության չափանիշ ես ամբողջ աշխարհում: Ցանկության դեպքում կարող ես թե գերել, թե նվաճել, բայց չես կիրառում պահեստի զենքերդ:

Որքան արցունք ես թափում մինչև որդիդ բանակից դառնում է տուն, քանի անքուն գիշերներ ես անցկացնում զավակներիդ ու թոռներիդ սնարի մոտ, մինչև նրանք դալար շիվից հասուն բալենի են դառնում... Ծաղկում, պտուղ են տալիս, արմատ խորացնում, բայց դու էլի քո խնամքից չես զրկում նրանց...

Մարդ լինելը դժվար է, կին լինելը՝ առավել ևս։

Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի՛ կանայք և աղջիկներ:

Մերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, լրագրություն 3-րդ կուրս