Արցախի պետական համալսարան

Nane123456«Ուզո՞ւմ ես գուշակել մի երկրի ապագան, նայիր նրա երիտասարդությանը»: 

Գարեգին Նժդեհ

Երիտասարդությունը  կյանքի ամենաերանելի շրջանն է, ուստի այն պետք է ապրել այնպես, որ կարողանաս հասնել նախանշած նպատակներիդԻսկ թե ինչպե՞ս են վայելում իրենց երիտասարդությունը Արցախի երիտասարդները, փորձեցինք պարզել լրագրություն 2-րդ կուրսի ուսանողուհի Էլինա Հակոբյանի հետ զրույցի միջոցով:

 - Ողջույն, Էլինա, կարո՞ղ ես երկու խոսքով նկարագրել, թե ինչպե՞ս ես պատկերացնում երիտասարդի առօրյան և արդյո՞ք արցախցի երիտասարդը ունի ինքնադրսևորվելու լիարժեք պայմաններ:  

- Կարծում եմ՝ յուրաքանչյուր երիտասարդ հենց ինքը կարող է ստեղծել պայմաններ ինքնադրսևորվելու համար: Իմ պատկերացմամբ երիտասարդի առօրյան պետք է լցված լինի աշխուժությամբ և անընդհատ ինչ-որ բան պրպտելու, գտնելու փորձերով:  

- Ըստ քեզ` որո՞նք են երիտասարդի օրը բովանդակալից և արդյունավետ անցկացնելուն խանգարող հանգամանքները:

- Կարծում եմ՝ երիտասարդի համար չպետք է լինեն խանգարող հանգամանքներ կամ որևիցե արգելքներ, քանի որ երիտասարդը իր բնույթով պետք է լինի կարծրատիպեր կոտրող և բոլոր տեսակի արգելքներն ու փորձությունները հաղթահարող: Իսկ օրը բովանդակալից և արդյունավետ անցկացնելու համար յուրաքանչյուր երիտասարդ կարող է հենց ինքը իր օրը լցնել դրական լիցքերով և տեղ չտալ բացասական որևէ էներգիայի:

- Ի՞նչ կցանկանայիր փոխել, որպեսզի երիտասարդությունը կարողանա կարևոր դեր խաղալ հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման գործում:

- Ամենից առաջ կցանկանայի մեր հասարակական և պետական կառույցներում ընդլայնել երիտասարդ կադրերի ներգրավվածությունը, քանի որ երիտասարդներն իրենց հետ թարմություն ու ավելի ժամանակակից մտքեր են բերում, ունեն հասարակության առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելու վճռականություն ու ներուժ:

- Եթե հնարավորություն ունենայիր ավելի գեղեցկացնելու և հետաքրքիր դարձնելու երիտասարդների առօրյան, ինչի՞ց կսկսեիր:

-Ես կսկսեի ժամանցային միջոցառումների, ինտելեկտուալ խաղերի, երիտասարդությանը հետաքրքրող հարցերի շուրջ քննարկումների, բանավեճերի կազմակերպումից: Մի խոսքով՝ ամեն ինչ կանեի երիտասարդների շրջանում հետաքրքրության շրջանակներն ընդլայնելու համար:

- Ի՞նչ կմաղթեիր մեր երիտասարդներին:

- Մեր երիտասարդներին կմաղթեմ, որ իրենց թանկագին ժամանակը անտեղի չվատնեն, քանի որ երիտասարդ տարիները ամենաարժեքավոր տարիներն են: Պետք է հնարավորինս այնպես օգտագործենք մեր ժամանակը, որ պիտանի լինենք մեր հայրենիքին և պետականությանը: Երիտասարդներին խորհուրդ կտամ չառաջնորդվել ուրիշի կարծիքով, այլ ունենալ սեփական կարծիքը և երբեք ետ չկանգնել իրենց խոսքից: Բոլոր երիտասարդներին կմաղթեմ հաջողություն իրենց կարիերայում, թող շատ գրքեր կարդան, չսահմանափակվեն բուհում ստացած գիտելիքներով: Երկրի ապագան մեր ձեռքերում է, ուրեմն պետք է լծվենք լուսավոր ապագա կերտելու գործին ու առաքելությանը:      

 

Նանե Հարությունյան

Լրագրություն 2-րդ կուրս