ԼԻՆԵԼ ԿԻՆ` ԴԺՎԱՐ Է, ԼԻՆԵԼ ՃԱՆԱՉՎԱԾ ԿԻՆ` ԱՌԱՎԵԼ ԴԺՎԱՐ

18.03

2019

00001AlisaԱսում են` կյանքում պատահականություններ չեն լինում, և դա իրոք այդպես է: Ես համոզված եմ, որ տիկին Անահիտի հետ հանդիպումը պատահականություն չէ, այլ վերևից տրված նախանշան, որ երբեք չպետք է հրաժարվեմ իմ բաղձալի տենչանքից, և որ ամեն գնով անհնարինը հնարավոր դարձնելով` պիտի հասնեմ այն բարձունքին, որտեղ ինձ լիարժեք եմ զգումԻմ զրուցակիցը հենց նա է. Արցախի ժողովրդական արտիստ, պարուհի, երգչուհի, Արցախի ‹‹Մենք ենք մեր սարերը›› համույթի մենակատար Անահիտ Հովսեփյանը:

Նա ծնվել է 1951 թվականին, Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում, արվեստագետների ընտանիքում: Նրա ընտանիքում ծնվել և մեծացել է 10 երեխա, նա 9-րդն է: Փոքր տարիքից սկսել է երգել, մասնակցել է բազմաթիվ միջոցառումների և արժանացել գովասանագրերի: 2000թ-ից առ այսօր աշխատում է Արցախի ‹‹Մենք ենք մեր սարերը›› երգի-պարի պետական համույթում: Հյուրախաղերով շրջագայել է նախկին ԽՍՀՄ-ի տասնյակ քաղաքներում, արժանացել է մի շարք պատվոգրերի, իսկ 2018թ-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից արժանացել է ‹‹Վաստակավոր Արտիստ›› կոչմանը: Անահիտ Հովսեփյանն ամուսնացել է 1968 թ-ին համույթի քամանչահար Հենրիխ Առստամյանի հետ: Նրա որդիներից մեծը` Արմենը, պատերազմի հաշմանդամ էր, ով հիվանդության պատճառով մահացել է 2017 թվականի դեկտեմբերին, մյուս տղան` ժիրայրը, ծառայում է ՊԲ-ում` որպես ենթասպա, իսկ աղջիկը` Լուսինեն, ավարտել է Սայաթ-Նովայի երաժշտական ուսումնարանը:

     -Տիկի՛ն Անահիտ, ո՞ր տարիքից եք սկսել երգել, և ի՞նչը Ձեզ տարավ դեպի արվեստը :

     -Արվեստն իմ ընտանիքն էր. հայրս զուռնա-դուդուկ էր նվագում, իսկ եղբայրս էլ` դհոլ: Դեռ մանկուց երգել եմ Կարմիր Շուկայի ինքնագործ խմբում, մասնակցել եմ շրջանային օլիմպիադաներին և միշտ էլ արժանացել գովասանագրերի: 10 տարեկանում ք.Ստեփանակերտից հրավիրեցին ձայնագրման, և ռադիոյով ես լսեցի իմ գրած նյութը մեր խմբի մասին ու իմ ձայնագրած երգը: Եվ դա ինձ համար վճռորոշ եղավ…

-Խնդրում եմ պատմեք Ձեր կենսագրական ամենահիշարժան դեպքի մասին:

   -Փոքր տարիքում մեծ սև թթենի ունեինք, ես բարձրանում էի նստում ծառին և երգում այնքան բարձր, որ ամբողջ գյուղն ինձ էր ունկնդրում: Ու մեկ էլ տեսնում էի այս ու այն կողմից ասում էին. ‹‹Կեցցե՛ս Անահիտ, մեկն էլ ասա, մեկն էլ ասա, ապրես…››: Այդ դեպքն ամենատպավորիչն ու ամենահիշարժանն էր կյանքումս, այն երբեք չեմ մոռանում:

     -Լինել կին` դժվար է, լինել ճանաչված կին` առավել դժվար: Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել կյանքում, և երբ հիասթափվել եք, ի՞նչն է Ձեզ ոգեշնչել:

   -Արվեստում կին լինելը շատ դժվար է, հատկապես երբ օգնող ձեռք չես ունենում: Ամիսներով հյուրախաղերի էինք լինում, և այդ ժամանակ ինձ օգնել են մեր ծնողները, ես նրանց անչափ երախտապարտ եմ :

   Ամեն դժվարությունից ու հիասթափությունից հետո իմ ոգեշնչման աղբյուրը երգն է եղել: Նրա հետ մոռանում եմ ամեն մի ցավ, հոգնածություն ու լրիվությամբ լցվում եմ բեմի էներգետիկայով: Բեմը իմ տարերքն է, իմ կյանքն է, իմ անցլալն ու ապագան:

-Ձեր ամուսինը ևս հայտնի երաժիշտ էր: Ձեր կարիերայում ինչպե՞ս եք գնահատում նրա դերը` որպես արվեստագետ:

   -Ամուսնուս օգնությունն անգնահատելի է: Ամուսիններով արվեստում լինելը շատ լավ է, մենք միմյանց շատ էինք օգնում, միասին ամեն բան շատ հեշտ էր թվում և հաղթահարելի: Ամիսներով մենք միասին էինք շրջագայում և մենք միմյանց համար հենասյուն էինք, իսկ մենակ շրջագայելը ահավոր է, ավելին` երևի թե հայ տղամարդկանց կեսից ավելին դա թույլ չի տա:

   -Ի՞նչ խորհուրդ կտաք մեր այսօրվա արվեստասեր երիտասարդներին:

- Արվեստասեր, շնորհաշատ երիտասարդներին խորհուրդ եմ տալիս, որ չթաքցնեն իրենց տաղանդը, այլ ձգտեն այն հասցնեն կատարելության և ոչ մի դժվարությունից չընկճվեն, այլ նոր ուժ ստանան և հաղթական քայլերով ընթանան առաջ:

   -Արցախը Ձեզ այսօր ճանաչում է որպես այա, այսօր ի՞նչ խնդիրներ են մտահոգում մեր այային, ի՞նչն է նրա սիրտը ուրախացնում:

-Արցախի այան միայն մտահոգվում է խաղաղությամբ, եթե այն լինի, մնացած ամեն հարց լուծելի է: Սիրտս ուրախացնում են իմ երեխաները, թոռները, նրանց ամեն մի ձեռքբերումը:

   -Քանի որ մեր ընթերցողների մեծ մասը երիտասարդությունն է, ի՞նչ կուզենայիք ասել նրանց:

-Ամենակարևորը նրանց քաջառողջություն եմ մաղթում, գլխապտույտ հաջողություններ, բարի ուսում, երջանկություն, նպատակասլացություն, թող յուրաքանչյուրը հասնի իր բաղձալի նպատակներին…

   - Տիկի՛ն Անահիտ, շնորհակալություն Ձեզ զրույցի համար և որպես Արցախի այա, որպես Նախշուն բաջի` Ձեր օրհնանքը` մեր ընթերցողներին.

-Աստված օրհնե ծըզ, ա՛ ժողովուրդ,

Տաշտըտ հացավ լիգյը ինի,

Տոնըտ լիգյը բալա ինի,

Երգիրը միշտ խաղաղ ինի,

Ըստուծեն սերն էլ ծըզ հալալ ինի:

Հարցազրույցը` Ալիսիա Դադայանի, մաթեմատիկա 2-րդ կուրս:

Обновлено 18.03.2019 08:15