Արցախի պետական համալսարան

IMG 5237 IMG 5250

IMG 5258 IMG 5262

Արցախի Հանրապետության ՄԻՊ նախաձեռնությամբ ապրիլի 12-ին ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես է եկել Շվեդիայի Լունդի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենը:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ողջունելով բանախոսին, շնորհակալություն է հայտնել նրան Արցախ այցելելու համար և կարևորել հայ-ասորական հարաբերություններին ուղղված նրա ուսումնասիրություններն ու ցեղասպանագիտության բնագավառում ծավալած գործունեությունը: Դասախոսության ընթացքում Սվանտե Լունդգրենը խոսել է ասորիների և հայերի ցեղասպանությունների, սփյուռքի հետ կապերի մասին, ցույց տվել ընդհանրություններն ու տարբերությունները:

Հայտնի ցեղասպանագետն Արցախում առաջին անգամ է և ճանաչողական նպատակից բացի, նաև պատճառներն է հիմնավորել. «Ընկերներիցս շատերն են եղել Արցախում և պատմել ինձ Արցախի մասին: Արցախի պատմությունը, քաղաքականության մեջ ունեցած նրա դերը, հակամարտությունը այն պատճառներն են, որոնք ինձ բերել են այստեղ»:

Խոսելով Արցախի նորագույն շրջանի պատմությունից` նա ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում անհրաժեշտ է համարում հաշվի առնել ցեղասպանության հնարավոր սպառնալիքն ու Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը:

«Ես տեսնում եմ Արցախը ցեղասպանության հարացույցում: Եթե ղարաբաղյան հակամարտությունը 1990-ական թթ. այլ ավարտ ունենար, ապա շատ հավանական է, որ կլիներ մեկ այլ 1915 թվական, իհարկե չափերով ավելի նվազ: Բանակցությունների ժամանակ այս փաստը, ինչպես նաև Ադրբեջանի հռետորաբանությունը պետք է հաշվի առնել, որովհետև, եթե նրանց մնար, 90-ականների հակամարտությունը ցեղասպանությամբ կվերջանար»,-նշել է նա:

Խոսելով հայոց ցեղասպանության մասին` նա նշել է, որ մոտենում է հերթական տարելիցը, և սա առիթ է, որ աշխարհը դարձյալ խոսի այդ մասին: Նրա խոսքով` իրականում շատ երկրներ են արդեն ճանաչել ցեղասպանությունը:

«Պետք է ԱՄՆ-ն ևս ճանաչի հայոց ցեղասպանությունը և Թուրքիայի վրա ճնշումներ գործադրի իր պատմությունն ընդունելու համար: Հուսով եմ, որ կճանաչվի»,-նշել է ցեղասպանագետը:

Դասախոսության ընթացքում անդրադառնալով հայերի և ասորիների պատմական ճակատագրի ընդհանրություններին, որոնցից ամենացայտունը ցեղասպանությունն է, ընդգծել է, որ այսօր Շվեդիայի հայկական և ասորական համայնքները բավականին ջերմ հարաբերութուններ ունեն և համագործակցում են գրեթե բոլոր ոլորտներում:

«Այս երկու ժողովուրդների պատմության ուսումնասիրության արդյունքում մեր կողմից բացահայտվել են ընդհանուր մի շարք իրողություններ՝ ազգային ինքնության պայքարից մինչև ցեղասպանություն», - ասել է բանախոսը:

Վերջում ցեղասպանագետը պատասխանել է նաև ներկաների հարցերին` շնորհակալություն հայտնելով ԱՀ ՄԻՊ-ին և ԱրՊՀ-ին` ջերմ ընդունելության համար: