Արցախի պետական համալսարան

IMG 5801 IMG 5857

IMG 5824 IMG 5812

Ապրիլի 16-ին տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Իրինա Իշխանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են ուսանողական գիտական ընթերցումներ` «Ստվերային տնտեսություն» թեմայով:

Ողջունելով ներկաներին` կազմակերպիչը կարևորել է ուսանողների ինքնուրույն հետազոտությունները` նշելով, որ հետազոտող խմբի ուսանողները աննախադեպ ակտիվություն են ցուցաբերել միջոցառմանը նախապատրաստվելիս:

Համաշխարհային տնտեսություն և միջազգային տնտեսական հարաբերություններ դասընթացի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին ֆինանսներ բաժնի երրորդ կուրսի ուսանողները, ովքեր ներկայացրեցին ստվերային տնտեսության ոչ միայն տեսական դրույթները, այլև համանուն թեմայով իրենց կողմից իրականացված սոցհարցումների արդյունքները:

Ստվերային տնտեսության էությանը, տեսակներին, խթանող և զսպող գործոններին, հետևանքներին, ինչպես նաև դրա մակարդակի գնահատման միկրո և մակրո մի շարք մեթոդների անդրադառնալուց հետո ուսանողները մանրամասն ներկայացրել են հարցման արդյունքների հիման վրա մշակված սեփական եզրակացությունները:

Ուսանողների հետազոտական ինքնուրույնության վերաբերյալ գնահատանքի խոսք են ասել ֆակուլտետի դեկանն ու ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտորը:

«Ֆակուլտետում առկա ուսանողական գիտահետազոտական ներուժը աշխատաշուկայի պահանջները լիարժեք բավարարող մասնագետների թողարկման հիմքեր է տալիս»,- նշել է դեկան Ռ. Մանգասարյանը՝ հորդորելով ուսումնագիտական աշխատանքները շարունակել նույն տեմպերով: