ԱրՊՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ու հոգեբանական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում` «Ցեղասպանությունը կրթության ոլորտի համատեքստում» թեմայով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին: Քննարկմանը մասնակցել են ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շ. Այդինյանը, դասախոսներ և ՏՄՄ 1-ին, 2-րդ և հոգեբանություն 2-րդ կուրսի ուսանողները:
Միջոցառման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայոց ցեղասպանության հոգեկան տրավմայի ներկա դրսևորումները, ցեղասպանության ժխտման ազդեցությունը հասարակական առողջության վրա և ցեղասպանության ժխտումը՝ որպես թուրք էթնոսի քաղաքակրթվածության ցուցիչ, արդյոք ցեղասպանության ճանաչումը կնպաստի «ցեղասպանված ազգի» սինդրոմից ազատվելուց, ինչպես փոխանցել ցեղասպանության թեման սերունդներին, ցեղասպանության թեմատիկայի լուսաբանումը կրթության ոլորտում և ուսուցչի դերը ցեղասպանության թեման աշակերտներին ճիշտ մատուցելու գործում:
Քննարկման վերջում մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Է. Բաղդասարյանը նշել է, որ պետք է այնպիսի սերունդ դաստիարակել, որ հայ դատի լուծումը դառնա ազգային գերագույն նպատակ: Իսկ այդ նպատակին հասնելու նախադրյալները նա առանձնացնում է հետևյալ կետերով. «Զգուշանալ երեխայի մեջ թերարժեքության բարդույթ առաջացնելուց. խուսափել այդ գաղափարից: Ցեղասպանությունը կատարվել է թուրքերի ձեռքով, բայց ճիշտ չէ երեխային մի ամբողջ ժողովրդի դեմ ատելություն ներշնչելը: Որքան էլ, որ խոսելու լինենք մեր անմեղ զոհերի մասին, պիտի կարողանանք խուսափել զոհի հոգեբանությունից և այդ անառողջ հոգեբանությունը երեխայի մեջ սերմանելուց: Մենք այսօր հաղթող ազգ ենք և պահանջատեր: Եվ վերջապես, մատուցումը պիտի կատարվի սառն, տրամաբանորեն և առանց սուգ ու լացի»:
Կլոր սեղան-քննարկման մասնակիցները կարևորել են նման ձևաչափով կազմակերպվող միջոցառումները և համարել պահանջված: