Արցախի պետական համալսարան

IMG 8873  IMG 8801

IMG 8824  IMG 8833

Մայիսի 2-ին ԱրՊՀ է այցելել և դասախոսությամբ հանդես եկել լոսանջելեսաբնակ հայ գրականագետ, մատենագետ, թարգմանիչ, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության անդամ, ազգային - հասարակական գործիչ Հովսեփ Նալբանդյանը:

«Սփյուռքը երեկ, այսօր և վաղը» թեմայով դասախոսությանը ներկա էին բանասիրական, պատմության և իրավագիտության ֆակուլտետների ուսանողներ, դասախոսներ:

Ներկայացնելով Սփյուռքի ներկա վիճակը, հայապահպանության խնդիրները` բանախոսը փաստական տվյալներով համեմատել է նախկին և ներկա իրավիճակները` կանխատեսելով այն, ինչ ունենալու ենք առաջիկա տարիներին:

«Ներկայումս հայապահպանության վիճակը Սփյուռքում շատ մտահոգիչ է: Վերջին 40 տարիներին Սփյուռքում կրճատվել է 220-ից ավելի հայկական դպրոց: Իսկ հայապահպանության հիմնական երաշխիքները հայկական դպրոցներն են, լեզուն և ընտանիքը»,-մտահոգություն է հայտնել բանախոսը` առկա խնդիրների լուծման նպատակով կարևորելով համասփյուռքյան հիմնադրամի ստեղծման, նոր դպրոցների բացման անհրաժեշտությունը:

Վեցերորդ անգամ Արցախ այցելող մտավորականը խոսել է նաև Արցախի մասին` նշելով, որ տնտեսապես զարգանալու դեպքում է միայն հնարավոր լուծել առկա խնդիրները, նպաստավոր պայմաններ ստեղծել հայրենադարձության համար և քայլեր ձեռնարկել ժողովրդագրական աճ ապահովելու համար:

«Արցախն ինձ համար մեծ նշանակություն ունի: Երբ այցելում եմ Արցախ և Հայաստան, նորովի եմ լիցքավորվում այստեղի հող ու ջրով և ավելի ուժեղացած վերադառնում` շարունակելու իմ առաքելությունը»,-ասում է 22-ից ավելի գրքերի հեղինակ Հ. Նալբանդյանը` իր առաքելությունը համարելով նոր գիրք հրատարակելն ու հայ գիրքը տարածելն աշխարհով մեկ:

Բանախոսը պատասխանել է նաև ներկաների հարցերին: