Արցախի պետական համալսարան

IMG 9711 IMG 9750

IMG 9765 IMG 9750

Մայիսի 7-ին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանի նախաձեռնությամբ կառավարում մասնագիտացմամբ սովորող մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները կազմակերպել են կլոր սեղան-քննարկում` «Գյուղատնտեսության աջակցության հիմնախնդիրները ԱՀ-ում» թեմայով: Միջոցառմանը մասնակցում էին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ոլորտի պատասխանատուներ, ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ, տ.գ.թ., դոցենտ Մանուշ Մինասյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Ռուզաննա Մանգասարյանը, կարևորելով թեմայի ուսումնասիրության արդիականությունը, նշել է, որ մրցունակ տնտեսության ձևավորման գրավականներից մեկը զարգացած գյուղատնտեսությունն է, որը եղել և մնում է ազգային տնտեսության կենսականորեն կարևոր ոլորտը:

Ուսանողները ինքնուրույն հետազոտական-վերլուծական աշխատանքներով ներկայացրել են ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի իրագործած միջոցառումները, որոնք նպաստում են ԱՀ գյուղատնտեսության ռազմավարական ծրագրի քաղաքականությանը, կատարել են գյուղատնտեսության ոլորտի SWOT վերլուծություն` ներկայացնելով ուժեղ և թույլ կողմերը` որպես ուժեղ կողմ նշելով բարենպաստ կլիմայական պայմաններն ու բարենպաստ հարկային դաշտի առկայությունը: Նրանք նաև սոցհարցում են իրականացրել գյուղատնտեսությամբ զբաղվող սուբյեկտների շրջանում և արդյունքները ներկայացրել միջոցառմանը ներկա լիազոր մարմիններին:

ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, անդրադառնալով ուսանողների վերլուծություններին և ոլորտում առկա խնդիրներին, հատկապես ոռոգման, իրացման խնդիրներին, պարզաբանել է որոշ հարցեր` ընդգծելով, որ գյուղտեխնիկայի ապահովվածության ուղղությամբ վերջին տարիներին կառավարությունը բավականին մեծ ներդրումներ է կատարել:

«Արտերկրում ներկայանալու քաղաքական խնդիր ունենք, որովհետև այս ուղղությամբ կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր «Արցախ» «Ստեփանակերտ» անունը կրող մակնշմամբ արտադրանք միանգամից խնդիր է առաջացնում»,- ասել է Ժիրայր Միրզոյանը` նշելով, որ նախ պետք է քաղաքական խնդիրը լուծել, այնուհետև ներկայանալու հետ կապված մնացած աջակցությունները:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին` կարևորելով գործատուների և համապատասխան կառույցների հետ նմանատիպ հանդիպումների հաճախակի կազմակերպման անհրաժեշտությունը: