Արցախի պետական համալսարան

43677163 2186836894888658 6841378793626533888 n 1Մայիսի 9-ը յուրաքանչյուր հայի համար լոկ ամսաթիվ չէ, այն լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է: Այս օրը եռատոն է մեզ համար. հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ նշում է 1945-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: 

Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման: Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչմանը: Ուղիղ 27 տարի առաջ էլ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց հրաշագեղ Շուշին: Շուշիի ազատագրումն էլ բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: Ազատագրական գործողություններն իրականացվել են 4 ուղղությամբ միաժամանակյա հարձակումներով: Մայիսի 8-ի գիշերը` ժամը 2.30-ին Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո հայկական զորքը մտնում է Շուշի, և մայիսյան հերթական լուսաբացին բերդաքաղաքի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը: Այն նորանկախ Հայաստանի պատմության ամենափառավոր էջերից է:

Մայիսի 9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Բանակ, որ մեր երկրի անվտանգության և խաղաղության երաշխիքն է: Մեզ նման ճակատագիր ունեցող ժողովուրդներին հնարավոր է եղել հաղթել միայն հաղթական ոգին կոտրելուց հետո. մեր թշնամիներն էլ դա շատ լավ գիտեն, հաշվարկել էին, բայց Հայ Հերոսի խիզախությանը հանդիպելով՝ տապալվեցին…Այսօր Հաղթանակների կենացն ամենաբարձրը պիտի հնչի, բաժակների զրնգոցը պիտի հասնի երկինք՝ ավետելով անմահացած Հերոսին իր սխրանքների արդյունքի մասին. նաև նրա կյանքի գինն արժեցավ մեր Հաղթական ոգին…

Մայիսյան հաղթանակները շարունակական են, դրանք ուղեկցելու են հայ ժողովրդին, որն ապրում ու արարում է այս հողում:

Աննա Ահարոնյան, լրագրություն 3-րդ կուրս