Արցախի պետական համալսարան

IMG 1806 IMG 1787

IMG 1771 IMG 1794

Այսօր` մայիսի 15-ին, Արցախի պետական համալսարան է այցելել Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմկոմիտեի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը և հանդիպում ունեցել Արցախում գործող բուհերի պատասխանատուների և ուսանողական ակտիվի հետ:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ողջունել է Ռուբեն Հովհաննիսյանին` կարևորելով Համահայկական խաղերի բացման արարողությունը Արցախում կազմակերպելու նշանակությունը և կազմակերպչական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն հայտնել:

Օգոստոսի 6-ից 17-ը Հայաստանում և Արցախում տեղի կունենան 7-րդ ամառային Համահայկական խաղերը: Ռուբեն Հովհաննիսյանի խոսքով` այս տարի նշվում է խաղերի 20-ամյակը, որի առթիվ աննախադեպ իրադարձություն է սպասվում, և ամառային խաղերը անց են կացվելու բարձր մակարդակով: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում: Մրցումային 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում:

«Համահայկական խաղերի բացման արարողությունն Արցախում անցկացնելն ունի նաև խորհրդանշական իմաստ. «Հայաստան, Արցախ, Սփյուռք» եռամիասնություն նշանաբանով սպորտի միջոցով միասնականության, համերաշխության և սիրո գաղափարների տարածումն է, թևածումը համայն հայության շրջանում»,- ասել է Ռուբեն Հովհաննիսյանը` հավելելով, որ թեպետ իրադարձությունը մարզական է, բայց հիմքում հայրենիքն է ու հայրենասիրությունը, իսկ բացումը Արցախում անցկացնելը նաև քաղաքական բաղադրիչ է պարունակում և պատմական ներկայացման միջոցով Արցախի թեմային մեծ ակնարկ է արվում:

Համահայկական ամառային խաղերին կմասնակցեն սփյուռքի ավելի քան 35 քաղաքների ներկայացուցիչներ: 17 մարզաձևից 12-ի մրցումները նախատեսում են անցկացնել Արցախում:

Խոսելով միջոցառման գեղարվեստական ուղղության մասին՝ գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ բացման օրը՝ օգոստոսի 6-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում նախատեսված է 8 մասից և 42 տեսարանից կազմված միջոցառում: Լինելու է եռաչափ լազերային շոու, որը տևելու է չորս ժամ, և դրա միջոցով ներկայացվելու են պատմական Հայաստանից մինչև մեր օրերն ընկած կարևոր դրվագներ:

Հանդիպմանը Ռուբեն Հովհաննիսյանը ներկայացրել է սցենարը, կատարվելիք աշխատանքները, նաև տեղեկացրել, որ մասսայական տեսարաններում անհրաժեշտ է լինելու օգտագործել Արցախի երիտասարդության ներուժը, այդ թվում նաև ուսանողներին: Արցախի բուհերի պատասխանատուները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Ստեփանակերտում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը պատշաճ մակարդակով կազմակերպելուն: