Արցախի պետական համալսարան

18.05.2019

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը   ԼՂՀ պատմամշակութային այն օջախն է, որն արդեն 80 տարի է իր այցելուներին   ներկայացնում է Արցախի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։

Բազմադարյան պատմություն ունի հայ ժողովուրդը: Օտարերկրյա զավթիչներն ու բռնակալները դարեր շարունակ ավերել, հրի ու սրի են մատնել մեր հիասքանչ երկիրը, փորձել ամբողջությամբ ոչնչացնել նրա մշակույթն ու պատմական հուշարձանները, ձգտել են վերացնել նրա ինքնության վկայականները` լեզուն, մշակույթն ու հավատը։tangaran1012

Իր հիմնադրման պահից` 1939 թվականից, չնայած Խորհրդային Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության պայմաններին, ապա և, վերջինիս կողմից Լեռնային Ղարաբաղին պարտադրված պատերազմի թոհ ու բոհին, թանգարանը կարողացել է հավաքագրել ու պահպանել ազգայինը ներկայացնող նյութական ու հոգևոր արժեքներ: Այստեղ հավաքվում և պահպանվում են ազգի դիմագիծը ներկայացնող նյութական ու հոգևոր անգնահատելի արժեքներ՝ սկսած նախնադարյան ժամանակաշրջանից։ Հին են պատմամշակութային օջախի պատերն էլ, գույքն էլ, սակայն այս ամենին հմայք տվող մեր ազգային արժեքներն իրենց հնությամբ արդեն 80 տարի է գրավում են այցելուներին:

Ժամանակավոր ցուցադրության սրահով է սկսվում թանգարանը, որտեղ   Թանգարանների միջազգային օրը կցուցադրվի արցախյան ասեղնագործության նմուշներ: Թանգարանի հարուստ նյութերի ցուցադրությունն սկսվում է Արցախի բնաշխարհը պատկերող հետաքրքիր տեսարաններով, որին հաջորդում է հնագիտության բաժինը։ Այստեղ ցուցադրված նյութերի մեջ, մասնավորապես, ընդգրկված են բնության քարացած նմուշներ, ամենավաղ քարեդարյան գործիքներ, բրոնզե ամենատարբեր իրեր, ուրարտական ժամանակներից պահապանված զարմանահրաշ զարդագոտիներով կավանոթներ, հայկական, հռոմեական, պարսկական, արաբական ծագումով ու փորագրություններով արծաթե, պղնձե դրամներ։Picture-0020

     Հայոց առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորիչը օծել է Արցախում առաջին եկեղեցիներից մեկի՝ Ամարասի հիմքերը, որի լուսանկարի և համապատասխան քարտեզի ցուցադրությամբ սկսվում է թանգարանի միջնադարյան բաժինը: Այստեղ առկա են նաև Հարավային Կովկասում քրիստոնեության քարոզչության փաստացի ապացույցներ: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում նաև ազգագրության բաժինը, որտեղ ցուցադրությունը սկսվում է արցախցու նահապետական ընտանիքի (տատիկը ճախարակով թել է մանում, իսկ պապիկը իր մշակած կաշուց տրեխ (կոշիկի տեսակ) է կարում) տեսարանով: Ներկայացված են նաև գորգագործական հին դազգահ, արցախյան գորգագործության նմուշներ՝ XVIII-XXդդ. –ի գորգեր: XIX դարում հայ մշակույթի կենտրոնն էր Շուշին, որի մասին են պատմում ցուցադրված փաստաթղթերը, հին տպագիր գրքերը, լուսանկարները:

  Picture-0010Փաստագրական նյութերով առավել հարուստ են նոր և նորագույն բաժինները, որտեղ ներկայացվում են արցախահայության մղած ազգային ազատագրական պայքարն Ադրբեջանի դեմ: Այստեղ է տեղադրված 1926թ.–ի Հայաստանի քարտեզը, որը պատրաստվել էր 1920թ.–ի օգոստոսի 10–ի պայմանագրի համաձայն, ինչպես նաև 1920թ.-ի մարտի 20-23-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին վկայող փաստաթղթեր: Առանձին հետաքրքրություն են ներկայացնում հայտնի արցախցիների, Հայրենական մեծ պատերազմի, արցախյան համազգային շարժման, Ղարաբաղյան ազգային ազատագրական պատերազմի, հետպատերազմյան շրջանում Լեռնային Ղարաբաղի մասին պատմող թանգարանի վերջին բաժինները:

Մտնելով պատմամշակույթային այս օջախը հպարտություն ես ապրում, որ ծնվել ես Արցախ աշխարհում:

Մենք անկախության սերունդն ենք, սերունդ,որ պետք է տեղյակ լինի իր ազգի մշակույթից, յուրաքանչյուր ցուցանմուշի նայելիս գիտակցի դրա կարևորությունը, սերունդ, որ ավելի անառիկ ու հզոր պիտի դարձնի մեր պապենական հողը`   նորանկախ Արցախի Հանրապետությունը:60666018 462422481165926 3198244983194779648 n

Հերմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, հայ գրականության պատմություն մասնագիտացում, մագիստրատուրա 2-րդ կուրս