Այսօր Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել գրող, լրագրող Նորեկ Գասպարյանի «Մրսած քամիներ կամ ծանր փախուստ» գրքի շնորհանդես-քննարկումը, որին ներկա էին գրողներ, դասախոսներ, ուսանողներ:
Բացելով միջոցառումը` գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Զարինե Սառաջյանը ներկայացրել է հեղինակի կենսագրական և ստեղծագործական ուղին, ապա անդրադարձել նոր լույս տեսած գրքին. «Գիրքը ժամանակի տագնապների զգացողությամբ ծնված բանաստեղծությունների ժողովածու է, որտեղ տեսնում ենք մեկ տարվա ընթացքում մեր երկրում տեղի ունեցած գործընթացների գեղարվեստական-գեղագիտական նկարագիրը, գրողի արժեքային համակարգը, Արցախում ապրող մարդու հայացքն ու մտածումները հասարակական, քաղաքական, ազգային և աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ»:
Գրքի հրատարակման կապակցությամբ շնորհավորանքի և գնահատանքի խոսք են ասել գրականագետներ և գրչընկերներ Ս. Խանյանը, Զ. Բալայանը, Ն. Ալեքսանյանը, Տ. Սողոմոնյանը, Ս. Սարգսյանը, ովքեր Ն. Գասպարյանի պոեզիան դիտարկեցին փիլիսոփայական որոնումների և գտնումների, ինքնահաշտության նոր հնչեղության, հեռացումի և մոտեցումի պոետական ենթաշերտերում:
Ն. Գասպարյանի պոեզիայի գեղագիտական առանձնահատկություններին են անդրադարձել նաև ուսանողներ՝ գրականագիտական վերլուծության ենթարկելով նրա առանձին բանաստեղծություններ և ժողովածուներ, նաև՝ ասմունքել պատառիկներ նրա պոեզիայից:
Հեղինակ-ընթերցող կապն ապահովված էր երկուստեք. մի կողմից հեղինակը հնարավորություն ուներ լսելու գրականագետների և ոլորտում առաջին քայլեր անող մագիստրանտների կարծիք-դիտարկումներ, մյուս կողմից՝ ընթերցողն անկաշկանդ հարցեր էր առաջադրում հեղինակին նրա ստեղծագործության մեջ հանդիպող գրական երևույթների վերաբերյալ, ստանում մեկնաբանություններ:
Ն. Գասպարյանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման համար, նշեց, որ նմանատիպ հանդիպումները կարևոր են գրողի համար, գրող-ընթերցող երկխոսությունը սնուցող նշանակություն ունի ստեղծագործող անհատի, առավելապես` բանաստեղծի համար: