ԱրՊՀ են այցելել Շվեյցարիայից ժամանած լրագրողներ

30.05

2019

IMG 4210 IMG 4227

IMG 4239 IMG 420149

Արցախի պետական համալսարան են այցելել Շվեյցարիայից ժամանած «Schweizer Monat» ամսագրի լրագրողներ Ալիսիա Ռոմերոն և Լուկաս Ռուհլին, ովքեր այս օրերին Արցախում են` Արցախի մասին պատմող նյութեր պատրաստելու նպատակով: «Schweizer Monat»-ը Շվեյցարիայի ամենահին ամսագիրն է, որը հիմնադրվել է 1921թ.-ին:

Գրասենյակը տեղակայված է Ցյուրիխում: Ամսագրի յուրաքանչյուր համարի շրջանառությունը կազմում է ավելի քան 7000 օրինակ։ «Schweizer Monat»-ը լուսաբանում է Շվեյցարիայում և ամբողջ Եվրոպայում կարևոր քաղաքական, տնտեսական, ակադեմիական և մշակութային թեմաներ:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով Արցախի պետական համալսարան այցելելու համար, պատասխանել է նրանց հարցերին, որոնք վերաբերում էին համալսարանի հիմնադրման, զարգացման պատմությանն ու հեռանկարին: Ռեկտորը ներկայացրել է նաև համալսարանի կառուցվածքը, գործող մասնագիտությունները, ձեռքբերումներն ու զարգացման տեսլականը:

Լրագրողներին հետաքրքրել է ուսանողների փոխանակման գործընթացին, բուհի միջազգային համագործակցությանն առնչվող հարցեր: Ի պատասխան հարցերի` ռեկտորը նշել է, որ, թեպետ Արցախի մայր բուհը միջազգային համագործակցության շուրջ երեք տասնյակ պայմանագրեր ունի կնքած, այնուամենայնիվ, կապված Արցախի քաղաքական կարգավիճակի հետ, այս ոլորտում դեռևս առկա են խոչընդոտներ:

«Մենք լավատես ենք և, չնայած առկա խոչընդոտներին, ձգտում ենք ապահովել բարձրորակ բարձրագույն կրթություն` Բոլոնիայի չափանիշներին համապատասխան»,-նշել է ռեկտորը` ընդգծելով բուհում ուսանողակենտրոն ուսուցման առկայությունը, ուսանողական կյանքի ակտիվությունը, ոչ ֆորմալ կրթության ծրագրի ներդրումը, որի շրջանակում համալսարանում դասախոսություններով հանդես են գալիս ՀՀ և արտերկրի անվանի գիտնականներ ու տարբեր ոլորտների գործիչներ:

Լրագրողները հանդիպել են նաև ԱրՊՀ ուսանողների հետ, զրուցել համալսարանական կյանքի, կրթության և երիտասարդությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ:

 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ