ԱրՊՀ-ն մասնակցել է «Նորանկախ պետությունների համալսարանների ասոցիացիա»-ի կողմից կազմակերպված միջազգային առցանց կոնֆերանսի

05.06

2019

IMG 4863 IMG 4841

Հունիսի 4-ին ԱրՊՀ-ն մասնակցել է «Նորանկախ պետությունների համալսարանների ասոցիացիա»-ի կողմից կազմակերպված միջազգային առցանց կոնֆերանսին, որի աշխատանքները համակարգում էր ասոցիացիայի նախագահ Ստեփան Իորդանի Բերիլը: Կոնֆերանսին մասնակցում էին ասոցիացիայի անդամ երկրների` Աբխազիայի Հանրապետության, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության, Հարավային Օսիայի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական համալսարանները:

Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին` Ս. Բերիլը կարևորել է կրթական ոլորտում նման ձևաչափով գործակցելու և ոլորտում առկա խնդիրների, կատարված աշխատանքների, անելիքների, խնդիրների լուծման ուղիների մասին խոսելու, կարծիքներ փոխանակելու անհրաժեշտությունը:

Մասնակից համալսարանների բանախոսները կոնֆերանսի ընթացքում ներկայացրել են իրենց բուհերի գործունեությունը, ուսումնագիտական ոլորտում կատարվող աշխատանքները, միջազգային համագործակցությունը, ուսանողության հետ տարվող աշխատանքներն ու առանցքային նշանակության ծրագրերն ու միջոցառումները:

Կոնֆերանսին հնչել է նաև ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի ուղերձը: Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին` ռեկտորը մասնավորապես նշել է բուհի հիմնական գործունեությունը, կառուցվածքը, ներկայումս իրականացվող աշխատանքները, կրթության, գիտության, միջբուհական համագործակցության և այլ առանցքային ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները:

«12 տարի է անցել «Նորանկախ պետությունների համալսարանների ասոցիացիա»-ի ստեղծման պահից, ինչը հաստատել է, որ ճիշտ ուղի է ընտրվել: Մեր համալսարանները միավորված են մեկ ընդհանուր ռազմավարական նպատակի շուրջ, այն է` կրթության և գիտության զարգացումը, առանց որի անհնար է մեր ժողովուրդների արժանապատիվ ապագայի կառուցումը»,-նշել է նա`հավելելով, որ ԱրՊՀ-ն կանի ամեն հնարավորը` ասոցիացիայի անդամ երկների համալսարանների հետ համագործակցության պահպանման և հետագա զարգացման համար:

ԱրՊՀ գիտության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը, կարևորելով ասոցիացիայի անդամ երկրների հետ միջբուհական համագործակցությունն ու դրա արդյունավետությունը, նշել է, որ այս օնլայն կոնֆերանսը թվով 3-րդն է, և այն հանդիսանում է փորձի փոխանակման լավագույն հարթակներից:

«Բարձր եմ գնահատում այս համագործակցությունը, որը կարևոր է հատկապես միջազգային համագործակցության տեսանկյունից: Արցախի պետական համալսարանը միջազգային համագործակցության ասպարեզում խոչընդոտների է հանդիպում, որը կապված է մեր երկրի քաղաքական կարգավիճակի հետ: Այս առումով «Նորանկախ պետությունների համալսարանների ասոցիացիա»-ն կարևոր հարթակ է, որի շրջանակում բուհերի համագործակցության արդյունքները գոհացուցիչ են»,-նշել է Վ. Ավանեսյանը:

 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ