Արցախի պետական համալսարան

IMG 5064   IMG 4977

IMG 4985   IMG 4967

Այսօր` հունիսի 7-ին, ԱրՊՀ-ում կայացել է ԱՀ Ազգային վիճակագրության ծառայության և Արցախի պետական համալսարանի համատեղությամբ իրականացված «Բուհ-գործատու հետազոտության» արդյունքների շնորհանդեսը, որին ներկա էին ԱՀ ԱՎԾ և ԱրՊՀ պատասխանատուներ, ուսանողներ:

Ողջունելով ներկաներին` ԱՀ ԱՎԾ նախագահ Մանուշ Մինասյանը կարևորել է կրթական համակարգում իրականացրած ընտրանքային հետազոտության նշանակությունը և նշել, որ հետազոտությանը ներգրավել են նաև ՀՀ համապատասխան մասնագետների ներուժը, ինչպես նաև ԱՀ ԿԳՍ նախարարության կողմից հարցաթերթիկները նախապես ենթարկվել են արտաքին կարծիքի:

Խոսելով հետազոտության նպատակներից` ԱՎԾ նախագահը նշել է, որ դրանով փորձել են վեր հանել կրթական համակարգում առկա խնդիրները: Նրա խոսքով` ավելի քան 30 տարի է Արցախի Հանրապետությունում ընթանում են բարեփոխումներ բոլոր ոլորտներում, որից անմասն չէ նաև կրթական համակարգը: ԱՎԾ պատասխանատուն, անհրաժեշտ համարելով հետազոտությունը, ընդգծել է, որ այս 30 տարիների ընթացքում իրականացված աշխատանքներին պետք է որոշակի գնահատական տրվի, վերլուծության ենթարկվի: Արդյունքները նաև զեկույցի տեսքով կտպագրվեն և կներկայացվեն հանրությանը, որը, նրա խոսքով, կօգնի կրթական ոլորտում աշխատանքները ճիշտ ուղղորդելուն, կրթական քաղաքականություն մշակողների համար էլ կծառայի որպես ուղեցույց` հետագա բարեփոխումների կամ բարեփոխումների ընթացքում առկա խնդիրների լուծման համար:

«Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ կրթական համակարգը, այդ թվում նաև ամբողջ ակադեմիական հասարակությունը կանգնած է լուրջ մարտահրավերների և բարեփոխումների շեմին, որոնք պայմանավորված են բազմաթիվ հանգամանքներով, քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, ժողովրդագրական, մշակութային և այլ գործոններով»,-ասել է նա և հավելել, որ կրթական համակարգը ավանդական տարրեր է կրում, ուստի իրականացված ցանկացած բարեփոխում արդյունքների ձեռքբերման առումով մեծ ժամանակահատված է ենթադրում: Մ.Մինասյանը ամփոփ ներկայացրել է նաև կրթական համակարգի վիճակագրական որոշ տվյալներ:

Հանրապետությունում 2017-2018 թթ. գործել է 220 հանրակրթական դպրոց, որտեղ սովորում էր շուրջ 24 000 աշակերտ, 6 միջին մասնագիտական հաստատություն, ուսանողների քանակը` 1474, հինգ բարձրագույն ուսումնական հաստատություն`4388 ուսանող, հանրակրթական դպրոցներում աշխատում է 4415 ուսուցիչ:

Խոսելով հասարակությունում բնակչության կրթական մակարդակի մասին` Մ.Մինասյանը նշել է, որ վերջին` 2015 թ. մարդահամարի արդյունքներով բնակչության 29, 7 տոկոսը ուներ բարձրագույն կրթություն, այդ թվում` կանանց` 31, 3 տոկոսը, իսկ տղամարդկանց` 28 տոկոսը:

«Եթե համեմատենք 10 տարի առաջ ունեցած ցուցանիշների հետ, պետք է փաստել, որ այդ ցուցանիշը կրկնապատկվել է: Իմ համոզմամբ, դա կապված է բարձրագույն կրթության մատչելիության հետ»,-նշել է ԱՎԾ նախագահը:

Գործատուների հարցման արդյունքները, որին փորձուսուցման շրջանակում մասնակցել են նաև ֆինանսներ 4-րդ կուրսի ուսանողները, ներկայացրել է տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանը: Նրա խոսքով` այս հետազոտությունը կարևոր է համալսարանի համար, հատկապես երբ բուհը կանգնած է հավատարմագրման նախաշեմին:

«Համալսարանի կարևոր առաքելությունը հենց այն է, որ աշխատաշուկա-բուհ համագործակցության շրջանակում կարողանա պատրաստել այնպիսի մասնագետներ, որոնք կբավարարեն աշխատաշուկայի պահանջարկին: Հարցման արդյունքները վկայում են, որ գործատուները, ընդհանուր առմամբ, գոհ են մեր շրջանավարտների մասնագիտական պատրաստվածության մակարդակից»,-ասել է Ռ.Մանգասարյանը և հավելել, որ հարցմանը մասնակցել է 372 գործատու, որոնց մոտ ընդգրկված է ԱրՊՀ 848 շրջանավարտ:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով հետազոտությունն իրականացնող կառույցներին ու մասնակիցներին, կարևորել է հետազոտության նշանակությունը և նշել, որ բուհ-գործատու ծրագիրն Արցախի Հանրապետությունում իրականացվում է առաջին անգամ:

«Ծրագիրն առանձնակի նշանակություն ունի հատկապես ԱրՊՀ-ի համար, որովհետև այս ուղղությունը բուհի ամենամեծ բացերից մեկն էր: ԱՀ ԱՎԾ աշխատակիցների, ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների միջոցով բարեհաջող իրականացվել է մի ծրագիր, որը լրացնում է այդ բացը: Այն օգտակար կլինի նաև ինչպես ԱՀ ԿԳՍ նախարարության, ԱՎԾ-ի, ԱրՊՀ-ի, այնպես էլ այլ կառույցների համար»,-ասել է ռեկտորը` ծրագրի իրականացման անհրաժեշտությունը շեշտելով նաև հավատարմագրման տեսանկյունից:

Հանրակրթական դպրոցների ուսուցիչերի և շրջանավարտների հարցման արդյունքներն է ներկայացրել ԱՀ ԱՎԾ ՀՈւ բաժնի պետ Լ.Սողոմոնյանը, ծնողների հարցման արդյունքները` ԱրՊՀ ֆինանսներ մասնագիտության շրջանավարտ Ա. Հայրապետյանը, ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և շրջանավարտների հարցման արդյունքները` ԱրՊՀ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա մագիստրատուրայի շրջանավարտներ Ն.Ավետիսյանը և Մ.Գաբրիելյանը: