ԲԵՅՐՈՒԹԻ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

10.06

2019

IMG 5261  IMG 5294

IMG 53054 IMG 5387

Այսօր` հունիսի 10-ին, Բեյրութի Հայկազյան համալսարանի «Heritage Club»-ի ուսանողների պատվիրակությունն այցելել է Արցախի պետական համալսարան և հանդիպում ունեցել ԱրՊՀ ուսանողության հետ: Այցի ընթացքում Հայկազյան համալսարանի կողմից 1000 միավոր գիրք է նվիրաբերվել ԱրՊՀ-ին:

Ողջունելով համալսարանականներին` ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը շնորհակալություն է հայտնել Հայկազյան համալսարանին ու պատվիրակությանը համագործակցության համար` նշելով, որ երկու բուհերի համար երկուստեք կարևոր ու անհրաժեշտ են նման շփումները:

Պատվիրակության ղեկավար Ռազմիկ Կապրիելյանը, ով համակարգում է Հայկազյան համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքները, ողջունելով համալսարանականներին, նշել է, որ այցելությունը 2018 թվականի ԱրՊՀ և Բեյրութի Հայկազյան համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում է, որին մեծ սիրով ու խանդավառությամբ են միացել համալսարանի ուսանողները` գրքերի հավաքագրման աշխատանքներին յուրաքանչյուրը բերելով իր նպաստը:

«Արցախը մեծ նշանակություն ունի մեր կյանքում, և լիբանանահայ գաղութը ուղղակի կապված է Արցախի հետ: Արցախը ապրում է ոչ հաճելի մթնոլորտում` պատերազմ և այլն, ուստի լիբանանահայությունը  միշտ պատրաստ է նեցուկ լինելու նրան: Այս տարի նախաձեռնությամբ ուզեցինք գալ Արցախ. նպատակը` կամուրջներ հիմնել Ացախի հետ, և այդ նախաձեռնության շրջանակում ճիշտ համարեցինք գրքերի նվիրատվությունը»,-ասել է Ռազմիկ Կապրիելյանը:

Հայկազյան համալսարանի «Heritage Club»-ի նախագահ Քրիս Պրուդյանը երկրորդ անգամ է Արցախում և կարևորում է Արցախի ուսանողների հետ շփումն ու գործակցային հարաբերությունների ստեղծումը:

«Այսպիսի շփումները  կարևոր են ուսանողների համար` համազգային հարցերի շուրջ տեսակետների ու կարծիքների փոխանակման առումով, քանի որ մենք բոլորս մեկ մշակույթի և մեկ ինքնության տեր ենք: Արցախն ինձ համար սուրբ հող է, և այստեղի հայկականության շնչի կարիքն ունենք իսկապես, որպեսզի ուժեղացած վերադառնանք Լիբանան»,-նշել է Քրիս Պրուդյանը:

Հանդիպման ընթացքում երկու համալսարանների ուսանողները քննարկել են ուսումնական գործընթացին, Սփյուռքում հայապահպանության խնդիրներին, Արցախյան հիմնախնդրին, Լիբանանի հայկական համայնքի գործունեությանն  առնչվող հարցեր:

 

 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ