ԱրՊՀ-ում մեկնարկել են «Հասարակական ներգրավվածության ներուժի ձեվավորում Լեռնային Ղարաբաղում» ծրագրի երկօրյա դասընթացներ

17.06

2019

IMG 5643 IMG 5652

 IMG 5676 IMG 5673

Այսօր` հունիսի 17-ին, ԱրՊՀ-ում մեկնարկել են «Հասարակական ներգրավվածության ներուժի ձևավորում Լեռնային Ղարաբաղում» ծրագրի երկօրյա դասընթացները, որը նախատեսված է ԱրՊՀ դասախոսների և ուսանողների համար:

Դասընթացներն իրականացնում է Կովկասի ինստիտուտը՝ համագործակցելով «Արմավիրի զարգացման կենտրոնի», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» և «ԻՆԹՐԱ» հոգեկան առողջության կենտրոնի հետ, Միացյալ Թագավորության կառավարության՝ «Հակամարտությունների, կայունության և անվտանգության» հիմնադրամի աջակցությամբ:

Ողջունելով ներկաներին` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը կարևորել է դասընթացի նշանակությունը` նշելով, որ Կովկասի ինստիտուտը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել` մշտապես իր ուշադրության կենտրոնում պահելով Արցախի պետական համալսարանը:

Խոսելով ծրագրի ընդհանուր նպատակից` «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Նաիրա Առաքելյանը նշում է, որ հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացում մեծ է կնոջ դերը, և ծրագիրն ընդհանուր առմամբ վերաբերում է հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացներում կանանց հատուկ դերին, կարիքներին:

Բանախոսությամբ հանդես է եկել «Արմավիրի զարգացման կենտրոնի» ՀԿ փորձագետ Անի Թովմասյանը, ով ներկայացրել է ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևը, որը վերաբերում է հակամարտությունների կարգավորման գործընթացում կանանց ներգրավվածությանը:

Դասընթացի ընթացքում բանախոսությանը զուգահեռ ծավալվել է ինտերակտիվ քննարկում` յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն ընձեռելով ներկայացնելու իր տեսակետը` հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում կանանց ներգրավվածության հարցի վերաբերյալ:

«Կազմակերպությունն աշխատում է Հայաստանի ողջ տարածքում, այժմ արդեն աշխատելու ենք նաև Արցախում: Երկօրյա դասընթացին կմասնակցեն ինչպես ուսանողներ, այնպես էլ դասախոսներ: Բացի դրանից, Մարտակերտ, Ասկերան քաղաքներում, ինչպես նաև Գիշի, Տող համայնքներում կիրականացնենք կանանց կարիքի գնահատման գործընթաց»,- նշել է Ն. Առաքելյանը:

Դասընթացը պահանջված և արդյունավետ են գնահատել մասնակիցները` ցանկություն հայտնելով, որ այն շարունակական լինի:

 

 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ