ԱրՊՀ ուսանողները մասնակցել են «Անկախության սերնդի ձայնը» երիտասարդ ստեղծագործողների մրցույթ-փառատոնին եվ զբաղեցրել մրցանակային տեղեր

18.06

2019

64320084 450997292379438 5264396544907411456 n 64482560 1354495311366653 4542401744902029312 n

Օրերս ԵՊՀ մշակույթի կենտրոնը կազմակերպել էր «Անկախության սերնդի ձայնը» երիտասարդ ստեղծագործողների մշակութային մրցույթ-փառատոն՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին, որին մասնակցել և մրցանակային տեղեր են զբաղեցրել ԱրՊՀ ուսանողները:

Մրցույթ-փառատոնն ընդգրկում էր մի շարք միջոցառումներ, այդ թվում նաև դասախոսություններ: Այս ամենի հիմնական նպատակն էր բացահայտել տաղանդաշատ ուսանողներին և ընդլայնել նրանց կարողությունները: Բիենալեի կազմակերպիչ, մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը նշել է, որ ավանդական դարձած մրցույթն այս տարի տարբերվում է իր ձևաչափով, քանի որ մասնակցում էին ոչ միայն ԵՊՀ ուսանողները, այլև ՀՀ 12 բուհեր, այդ թվում՝ Արցախի ու Վանաձորի պետական համալսարանները: «Անկախության սերնդի ձայնը» խորագրով մրցույթ-փառատոնի հանրապետական փուլի մասնակիցներն ընտրվել են գաղտնի՝ էլեկտրոնային տարբերակով ուղարկված նյութերի հիման վրա: Ըստ այդմ՝ 150 մասնակիցներից ընտրվել է 75-ը հետևյալ 5 ուղղություններով՝ կոմպոզիտորական, գրական, կերպարվեստի, լուսանկարչության և կիրառական արվեստի:

Մրցույթի առաջին օրը մեկնարկեց ուսանողների՝ լուսանկարչական աշխատանքների և կերպարվեստի նմուշների ցուցադրությամբ: Մրցույթի երկրորդ օրը՝ հունիսի 11-ին, փառատոնի մասնակիցները հանդես եկան պարային կատարումներով, հունիսի 12-ին հնչեցին հայ գրականության մեծերի արձակ և չափածո ստեղծագործություններից հատվածներ, հունիսի 13-ին փառատոնի մասնակիցները հանդես եկան երաժշտական կատարումներով, ներկայացրին ինչպես հայ և համաշխարհային երաժշտական հայտնի կատարումները, այնպես էլ սեփական գործիքավորմամբ ստեղծված երգերը, իսկ վերջին օրը՝ հունիսի 14-ին, անցկացվեց փառատոնի գրական և ստեղծագործական մրցույթը:

Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո մասնակիցներին հանձնում էին մասնակցության հավաստագրերը և հայտարարվում էր պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից ընտրված հաղթողների անունները, որոնց շարքերում տեղ գտան նաև

ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի ուսանողներ Ալիսիա Դադայանը (ասմունք), Մարիամ Ասրյանը (երգ) և Մարինե Սարգսյանը (գրական մրցույթ), ովքեր զբաղեցրեցին 3-րդ հորիզոնականը,  մասնակցելու են նաև ԵՊՀ-ի 100- ամյակին նվիրված լայնամասշտաբ միջոցառմանը, ուսանողների երդման արարողությանը, որի ընթացքում էլ կլինի մրցանակաբաշխությունը:

Բացի բուն մրցույթից, ԵՊՀ մշակույթի կենտրոնը Արցախի և Վանաձորի ուսանողների համար կազմակերպել էր նաև ճանաչողական շրջայցեր:

Ուսանողները շրջեցին համալսարանում, ծանոթացան բուհի գործունեությանը, եղան համալսարանի պատմության թանգարանում, ուր ուշագրավ տեղեկություններ պատմեցին համալսարանի կազմավորման, ռեկտորների, դասախոսների, պատերազմին զոհ դարձած ուսանողների կյանքից:

Ուսանողները շրջեցին նաև Երևանի գեղատեսիլ վայրերում, ծանոթացան տարբեր պատմությունների հետ, վայելեցին տաղանդավոր և հայտնի քանդակագործների աշխատանքները, եղան Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն- թանգարանում:

«ԱրՊՀ ուսանողների անունից շնորհակալություն եմ հայտնում նման հրաշալի միջոցառում կազմակերպելու և մեզ մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար: Շատ տպավորված ենք վերադարձել ԵՊՀ-ից` անմոռանալի օրեր անցկացնելով մայր հայրենիքում»,-ասում է  ԱրՊՀ ուսանողուհի Ալիսիա Դադայանը` գոհունակություն հայտնելով մրցույթ-փառատոնից: