Հունիսի 11-ից 14-ը Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալում տեղի է ունեցել ռուս-օսիական երիտասարդական համաժողով, որին մասնակցել են արցախցի մի խումբ երիտասարդներ, այդ թվում նաև ԱրՊՀ «Պատմություն և իրավագիտություն» ֆակուլտետի «Քրեական իրավունք և դատավարություն» մասնագիտացմամբ մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի Լուիզա Ներսեսյանը:
Արցախից մեկնած պատվիրակությունը ղեկավարում էր ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Գայանե Գրիգորյանը: Համաժողովին մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունից, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետություններից, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունից, Աբխազիայից, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Օսիայից շուրջ 100 երիտասարդ:
Լուիզա Ներսեսյանի խոսքով` մասնակիցները արդյունավետ օրեր են անցկացրել համաժողովի շրջանակում: Համաժողովի պաշտոնական բացումը տեղի է ունեցել Ցխինվալի պետական-դրամատիկական թատրոնի շենքում: Նույն օրը տեղի է ունեցել նաև Արցախում հունիսի 1-ից 9-նն անցկացված ConiFA-2019-ի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հարավային Օսիայի ֆուտբոլային թիմի դիմավորման և պարգևատրման արարողությունը: Համաժողովի մասնակիցները եղել են Հր. Օսիայի Ազգային թանգարանում, այցելել Զագինա գյուղի ամրոցային համալիր, հանդիպումներ ունեցել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովի, արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևի, մշակույթի նախարար Ժաննա Զասիևայի և այլ պաշտոնատար անձանց հետ:
«Համաժողովի ընթացքում մենք ծանոթացանք Հր. Օսիայի ժողովրդի պատմությանը, նրանց մշակույթին` ազգային ծիսակատարություններին և հետաքրքիր սովորույթներին, մասնակցեցինք հետաքրքիր սեմինարների ու քննարկումների: Միջոցառումը հասել է իր գլխավոր նպատակին` ներկա պատվիրակությունների մասնակիցների միջև կապի հաստատում և երիտասարդական քաղաքականության համատեղ իրականացման ծրագրերի մշակում: Շատ տպավորված եմ Ալանիայի ժողովրդի ջերմ ընդունելությունից և մեր հանդեպ ցուցաբերած առանձնահատուկ ուշադրությունից»,-ասել է Լ. Ներսեսյանը` կարևորելով նմանատիպ միջոցառումներին մասնակցելու անհրաժեշտությունը և վստահություն հայտնելով, որ այդ օրերին ձեռք բերած համագործակցությունը շարունակական կլինի: