Հունիսի 24-ից ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետում մեկնարկել է ամառային փորձուսուցումը: «Աշխարհագրություն» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի առաջին օրվա փորձուսուցման վայրը Հունոտի կիրճն էր, որտեղ նրանք հնարավորություն ունեցան ամրապնդելու գեոմորֆոլոգիա, երկրագիտություն և ջրաբանություն առարկաներից լսարանում ստացած գիտելիքները:
Փորձուսուցման ղեկավարներ Վ. Սաֆարյանի, Հ. Գրիգորյանի և Ռ. Թովմասյանի օգնությամբ ուսանողները ծանոթացան Կարկառի անտեցեդենտ հովտին, կարստային ռելիեֆի ձևերին, տեսան եզակի վոկլյուզային աղբյուր, յուրահատուկ տրավերտինային քարայր («Մամռոտ քար»), ջրաչափական աշխատանքներ կատարեցին Կարկառ գետի վրա և որոշեցին գետի ջրի ծախսը:
Ուսանողների տեսական գիտելիքներն ամրապնդելու, նրանց կատարելագործման և ուսուցման գործում կարևորելով փորձուսուցման դերը` աշխարհագրության ամբիոնի դասախոս Ռուբինա Թովմասյանը նշում է, որ մասնագիտական փորձուսուցումներն ավելի են ընդլայնում ուսանողի մտահորիզոնը և գիտելիքների պաշարը, ինչը փաստում են նաև ուսանողները:
«Փորձուսուցումը հիանալի հնարավորություն է հմտանալու և որպես աշխարհագետ դրսևորվելու համար: Բաց երկնքի տակ հետաքրքիր դասընթացը և փորձուսուցումը մեր ամառը դարձրին էլ ավելի հագեցած, օգտակար և հաճելի»,-ասել է «Աշխարհագրություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Մարիամ Ասրյանը` ուսանողների անունից շնորհակալություն հայտնելով համալսարանին, դասախոսներին` մասնագիտական գիտելիքների և փորձուսուցումն արդյունավետ կազմակերպելու համար:
Փորձուսուցումը կտևի մինչև հուլիսի 19-ը, որի շրջանակում ուսանողները հնարավորություն կունենան լինելու Արցախի տարբեր տեսարժան վայրերում, գործարաններում: