Արցախի պետական համալսարան

IMG 629023 IMG 6068

IMG 6146 IMG 6352

Այսօր` հունիսի 26-ին, Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել մագիստրատուրան գերազանցությամբ ավարտած շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

2018-2019 ուստարում ԱրՊՀ մագիստրոսի կոչում է ստանում 145 շրջանավարտ, որից 42-ը գերազանցության դիպլոմակիր է, իսկ բակալավրիատը թողարկում է 524 շրջանավարտ, որից 85-ը` գերազանցության դիպլոմով:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով շրջանավարտներին մագիստրոսի կոչման արժանանալու առթիվ` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը խոսել է այն խնդիրների մասին, որոնք առկա են ուսումնառության գործընթացում և միաժամանակ վստահություն հայտնել, որ մեկ-երկու տարի հետո ԱրՊՀ-ն ունենալու է միջազգային չափանիշներին համապատասխան շենքային պայմաններ, ինչն էլ նպաստելու է ոչ միայն բակալավրիատի, այլև մագիստրատուրայի զարգացմանը: Ռեկտորի խոսքով` այդ զարգացմանը մեծապես նպաստելու է նաև բուհի հավատարմագրման գործընթացը:

«Ի տարբերություն ձեր ավագ սերունդների` դուք այն սերունդն եք, որին բախտ է վիճակվել ուսում ստանալ համեմատաբար խաղաղ պայմաններում: Բայց հաղթանակ տանելուց ոչ պակաս կարևոր է նաև այդ հաղթանակները պահելը: Այս առումով ձեր սերնդի վրա պատասխանատվություն է դրված, և ձեր մասնագիտական պատրաստվածությամբ դուք պետք է դառնաք ապագայի ամուր հիմքը»,-դիմելով շրջանավարտներին` մասնավորապես նշել է ռեկտոր Ա. Սարգսյանը` մաղթելով նրանց հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Շրջանավարտներին շնորհավորել և բարեմաղթանքի խոսք են հղել նաև ԱրՊՀ պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները:

«Մեր երկրի ներկան և ապագան մեր երիտասարդությունն է: Մենք ունենք հրաշալի երիտասարդություն: Համարձակորեն քայլեք առաջ, խիզախեք, մի մտածեք, որ ձեր ժամանակը դեռ հետո կգա, այդ ժամանակը վաղուց արդեն եկել է, գնահատեք ձեր ուժերը և հասեք բաղձալի բարձունքին»,-ուսանողներին ուղղված շնորհավորանքի խոսքում ասել է ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը:

Գերազանցությամբ ավարտած մագիստրոսները դիպլոմներն ու խորհրդանշական նվերները ստացել են բուհի ռեկտորի և պրոռեկտորների ձեռքից, ինչը, մագիստրոսների խոսքով, պարտավորեցնող է և ոգևորող:

«Որակյալ կրթությունը հայ ժողովրդի ապագայի հուսալի անկյունաքարն է: Մտավոր ներուժն է խոսում պետության հզորության մասին:Այս տարիների ուսումնառությունից հետո մեզ համար առավել պատասխանատու շրջան է սկսվում: Արցախի հանդեպ ունենք մասնագիտական և քաղաքացիական պատասխանատվություն, և մենք պատրաստ ենք ապագայի հուսալի հիմնաքարը լինելու»,-ասել է բնագիտական ֆակուլտետի «Աշխարհագրություն» մասնագիտացմամբ մագիստրատուրայի շրջանավարտ Արթուր Աբրահամյանը` ուսանողության անունից շնորհակալություն հայտնելով համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին արդյունավետ և որակյալ կրթության համար:

Շնորհավորանքի և համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին ուղղված երախտագիտության խոսք են ասել նաև մյուս ֆակուլտետների մագիստրատուրայի շրջանավարտներ: