ԱրՊՀ-ում կայացել է «Հոգեբանական խորհրդատվության հիմունքները» թեմայով գործնական պարապմունք

06.07

2019

Hogebxor1   Hogebxor2

Hogebxor3   Hogebxor

Այսօր` հուլիսի 6-ին, ԱրՊՀ հոգեբանական կենտրոն է այցելել ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս, հ.գ.թ., դոցենտ Լևոն Սարգսյանը և վարել «Հոգեբանական խորհրդատվության հիմունքները» թեմայով գործնական պարապմունք:

Պարապմունքի ընթացքում բանախոսն անդրադարձել է հոգեբանական խորհրդատվության առանձնահատկություններին, հիմունքներին, թե ինչպիսի անձնային որակներ պետք է ունենա հոգեբանը, խոսել հիմնական խնդիրների և դրանց վերացման եղանակների մասին:
Հոգեբանի անձնային որակներից Լ. Սարգսյանն առանձնացրել է ուրիշների կողմից որպես հուսալի, վստահելի մարդ ընկալվելու, ուրիշների նկատմամբ դրական զգացմունքներ` սեր, հարգանք, հետաքրքրվածություն, համակրանք ունենալու, սեփական զգացմունքները հարգելու և դրանք կառավարել կարողանալու, ուրիշների դեպրեսիվ վիճակը հոգեբանին չընկճելու անհրաժեշտությունը:
«Շատ կարևոր է, որ հոգեբանն այնպես տեսնի և զգա այցելուի ներաշխարհն ու ապրումները, որ կորցնի դատելու և գնահատելու ցանկությունը, ազատի այցելուին գնահատված լինելու վտանգից, ընդունի այցելուի բոլոր որակները, որոնք նա դրսևորում է, ընդունի նրան այնպիսին, ինչպիսին նա կա և ցույց տա այդ վերաբերմունքը»,-նշում է հոգեբան Լևոն Սարգսյանը և հավելում, որ այցելուի հետ պետք է շատ զգուշորեն վարվել, որպեսզի հոգեբանի գործողությունները վտանգ չպարունակեն նրա համար:
Հանդիպմանը բանախոսը պատասխանել է նաև ներկաների հարցերին, կատարվել են պրակտիկ վարժություններ:
Կարևորելով պարապմունքի նշանակությունն ու շնորհակալություն հայտնելով բանախոսին` ԱրՊՀ պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանը հավաստիացրել է, որ նման միջոցառումները հոգեբանական կենտրոնում շարունակական են լինելու: