Արցախի պետական համալսարան

5645648jpg   819649849jpg

1654141414jpg   7896789jpg

Ավարտվեց «ԱրՊՀ-2019» ամառային միջազգային ճամբարը, որը մեկնարկել էր հուլիսի 28-ին: Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՀ պետնախարար, ԱրՊՀ խորհրդի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, պաշտոնատար անձինք, ուսանողներ, ծնողներ:

Մեկշաբաթյա ճամբարին մասնակցում էին ԱրՊՀ, ՀՀ և արտերկրի բուհերից ավելի քան 60 ուսանող, որոնք հնարավորություն ունեցան մասնակցելու գիտաճանաչողական, մշակութաժամանցային ծրագրերի, էքսկուրսիաների և արշավների` յուրովի բացահայտելով Արցախն իր տեսարժան վայրերով:

Ողջունելով ներկաներին` ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է միջազգային ճամբարի նշանակությունը` հույս հայտնելով, որ ճամբարի շնորհիվ ՀՀ և արտերկրի ուսանողները, ճանաչելով Արցախն ու արցախցիներին, ընդմիշտ կկապվեն Արցախի հետ և կդառնան մշտական բարեկամներ:

Ճամբարականներին ողջունել է նաև ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը` արժևորելով ճամբարի նախաձեռնման ու իրականացման աջակիցների աշխատանքը: «Ցանկացած երևույթ, որ կարոտ է ծնում, երանելի է, իսկ ճամբարային կյանքն այդպիսինն է: Վստահ եմ, որ մեկնելով ճամբարից` կարոտելու եք միմյանց, ճամբարում անցկացրած օրերը, և դա ավելի է ուժեղացնելու ձգողականության ուժը: Հայաստանն ու Արցախը մի ամբողջություն են և միասնական հայրենիք: Ուզում եմ` այս կապը էլ ավելի սերտանա, և որևէ մեկը երբևէ չկարողանա մեզ իրարից բաժանել»,-մասնավորապես նշել է ԿԳՍ նախարարը:

«Երկրորդ տարին է` Պատարայի մերձակա տարածքում կազմակերպվում է ԱրՊՀ ճամբարը, և այն արդեն ավանդույթի ուժ է ստանում: Դատելով մասնակիցների արձագանքներից` կարող ենք հավաստել, որ հաջորդ տարիներին ևս անպայման կազմակերպելու ենք նման ճամբար: Չի կարող լինել զարգացած համալսարան` առանց զարգացած ուսանողի, չի կարող լինել զարգացած ուսանող` առանց զարգացած դասախոսի: Այստեղ ներկա յուրաքանչյուր ուսանող իր բուհն էր յուրովի արտացոլում: Կարելի է փաստել, որ ճամբարին մասնակից ուսանողներն իրենց ակտիվությամբ գերազանցեցին գործընկեր բուհերի համագործակցությանը»,-նշել է ԱրՊՀ ռեկտորը ողջույնի խոսքում` շնորհակալություն հայտնելով ճամբարի մասնակիցներին, աջակիցներին և շնորհակալագրերով պարգևատրելով ակտիվ մասնակիցներին:

Ճամբարի մասնակիցներից ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող Սամվել Եղիազարյանը երկրորդ տարին է մասնակցում ԱրՊՀ ճամբարին: Տպավորությունների մասին խոսելիս չի թաքցնում գոհունակությունը` նշելով, որ նախորդ տարվա համեմատ այս տարի ավելի հագեցած էր ճամբարի ծրագիրը և հետաքրքիրՇատ լավ ծրագիր է, որի շնորհիվ հնարավորություն ունեցանք մասնակցելու ուսումնական, պատմաճանաչողական, ռազմահայրենասիրական տարաբնույթ միջոցառումների:Արցախը Հայաստանի այն սրբազան հողն է, որը կարելի է բացահայտել ամեն անգամ նորովի: Ես ինձ համար այն բացահայտում եմ ամեն վայրկյան: Այս ճամբարը հրաշալի առիթ էր»:

Աբխազիայի պետական համալսարանի ասպիրանտ Ռուսլան Չամյանը ճամբարին մասնակցել է «Նորանկախ պետությունների համալսարանների համագործակցության ասոցիացիա»-ի շրջանակում: Նրա խոսքով` տպավորված է Արցախով, արցախցիների հյուրընկալությամբ: Գոհունակություն հայտնելով ճամբարային առօրյայից` նշում է, որ այն հրաշալի առիթ էր՝ լինելու Արցախում և անձամբ տեսնելու Արցախի պատմական վայրերը:

«Մեր առօրյան անցել է հագեցած, հետաքրքիր ու բովանդակալից: Բոլոր ճամբարականների անունից կարող եմ հավաստել, որ այս մի քանի օրն անցել է ակնթարթի պես, և, անշուշտ, իր հետքն է թողնելու յուրաքանչյուրիս կյանքում: Յուրաքանչյուր օր ուներ իր ուղղվածությունը: Մենք մեկ օր ապրել ենք զինվորի կյանքով, այցելել զորամաս, խաղացել ինտելեկտուալ խաղ, մասնակցել կլոր սեղան-քննարկումների, այցելել պատմամշակութային վայրեր, վայելել ազգային կերակրատեսակներ»,-ասում է ԱրՊՀ մագիստրանտ Լուիզա Ներսեսյանը՝ հավելելով, որ անկախ օրվա ուղղվածությունից` ուսանողներին միավորում էր Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունը:

Ճամբարի փակման օրը կազմակերպվեցին ազգային ուտեստների պատրաստման ցուցադրություն և համտես: Մասնակիցներն իրենց ձեռքով պատրաստեցին ժենգյալով հաց և խնոցու կարագ: Օրն ամփոփվեց համերգային ծրագրով, որի ընթացքում հնչեցին երգ, ասմունք, եղան պարային կատարումներ, հումորային ծրագիր: