Արցախի պետական համալսարան

11115974dsfgttlpg   44478000012klopjjpg

33376333fgexzjpg   222579632sqawwjpg

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում օգոստոսի 6-ին տեղի է ունեցել Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: 

Արարողությունը մեկնարկել է գեղարվեստական ներկայացմամբ, որը հայոց պատմությունն էր` հեթանոսական շրջանից մինչև մեր օրեր` քրիստոնեության ընդունման և հայոց գրերի գյուտի դրվագների առանձնահատուկ շեշտադրմամբ` որպես ինքնության և հայոց պետականության պահպանման երաշխիք: Այնուհետև մեկնարկել է պատվիրակությունների շքերթը` 35 երկրների 161 քաղաքների ավելի քան 5244 մարզիկների, 1000-ից ավելի կամավորների մասնակցությամբ:

Միջոցառմանը Համահայկական խաղերի դրոշը մարզադաշտ են բերել օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը, սամբիստ Արևիկ Կարապետյանը, ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը, շախմատիստ Գաբրիել Սարգսյանը, ըմբիշ Արամ Մարգարյանը և սամբիստ Մավրիկ Նասիբյանը:

Հանդիսավոր արարողությանը վառվել են եռամիասնության երեք ջահերը: Արցախի Տիգրանակերտից բերված ջահը վառելու պատիվը տրվել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, Մուսա լեռից և Արևմտյան Հայաստանից բերված ջահը` Համահայկական խաղերի հիմնադիրներից Ալբերտ Բոյաջյանին, իսկ Խոր վիրապից բերված ջահը` Օլիմպիական խաղերի չեմպիոն Հրաչյա Պետիկյանին:

Արարողության ընթացքում Համահայկական խաղերի հիմնադիրներից Ալբերտ Բոյաջյանը, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը և շվեյցարահայ հայտնի գործարար Վարդան Սըրմաքեշը Համահայկական խաղերի կազմակերպման գործում ծանրակշիռ ներդրում ունենալու համար պարգևատրվել են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի «Պատվո նշան» շքանշանով: 

Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացումն ազդարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր ելույթում նա նշել է, որ այսօր մեր հայրենիքում տոն է, քանի որ մեր ժողովրդի հազարավոր զավակներ՝ աշխարհի տարբեր ծայրերից, մեկտեղվել են հայության արժանապատվության միջնաբերդ Արցախում, և մենք վայելում ենք միասին լինելու, իրար հետ լինելու երջանկությունը։

Համահայկական խաղերի մասնակիցներին ողջունել է նաև ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը: Նա նշել է, որ օրը հիշարժան է, քանի որ Համահայկական ամառային խաղերն առաջին անգամ են անցկացվում մեր հանրապետությունում:

Ողջույնի խոսք է ասել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: «Որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ Համահայկական խաղերն անցկացնելու գաղափարը տարեցտարի ամրացնելու է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հիմքերը»,-ընդգծել է նա:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պետական այրեր, հյուրեր արտերկրից և հազարավոր արցախցիներ: 

Համահայկական խաղերը պատշաճ կազմակերպելու նպատակով ընդգրկվել են հազարից ավելի կամավորականներ: ԱրՊՀ տասնյակ ուսանողներ և աշխատակիցներ ակտիվ ընդգրկված են այդ աշխատանքներում և իրենց նպաստն են բերում կազմակերպչական աշխատանքներին տարբեր ուղղություններով: