Կայացել է «Հայոց արեվելից կողմանք. պատմություն եվ մշակույթ» հայագիտական միջազգային գիտաժողովի բացումը

26.08

2019

IMG 8996 IMG 9004

IMG 9006  IMG 9015

Այսօր` օգոստոսի 26-ին, «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում տեղի է ունեցել «Հայոց արեւելից կողմանք. պատմություն եւ մշակույթ» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:

Գիտաժողովը, որը կտևի օգոստոսի 26-ից 27-ը, նախաձեռնել են ՀՀ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցությունը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը:

Բացման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար անձինք, հայագետներ ՀՀ-ից ու արտերկրից, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, համալսարանի դասախոսներ, ուսանողներ:

Բացման խոսքում ՀՀ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է գիտաժողովի նշանակությունը նաև քաղաքական տեսանկյունից և մաղթել արդյունավետ աշխատանք:

«Նման ձեռնարկները հնարավորություն են տալիս փոխելու թյուր պատկերացումները Արցախի մասին` որպես համատարած ռազմականացված մի գոտի: Մենք պետք է ամեն կերպ միջազգային հանրությանը հասանելի դարձնենք այն գաղափարը, որ Արցախը լիարժեք, լիաթոք ապրող մի հանրապետություն է, որտեղ ապրում է խաղաղասեր ու ստեղծագործ բնակչություն. մարդիկ, որոնք, իհարկե, միշտ պատրաստ են զենքը ձեռքին պաշտպանելու իրենց հողը: Արցախը առաջին հերթին գիտության, կրթության և մշակույթի երկիր է: Այլ կերպ ասած` Արցախը քաղաքակիրթ աշխարհի անբաժանելի մասն է»,-մասնավորապես նշել է նա:

Ողջույնի խոսքում ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը կարեւորել է գիտաժողովի գիտագործնական նշանակությունը՝ նշելով, որ նման միջոցառումները թույլ են տալիս ավելի առարկայական եւ օբյեկտիվ ձեւով ուսումնասիրել մեր պատմության էջերը, վեր հանել տարբեր զարգացումների պատճառահետեւանքային կապը եւ այն ներկայացնել միջազգային հանրության ուշադրությանը:

«Եվ դա կարեւոր է հատկապես այսօր, երբ կան երկրներ ու շրջանակներ, որոնք ցուցաբերում են քաղաքականացված մոտեցում պատմական փաստերի նկատմամբ՝ փորձ անելով վերաշարադրել պատմությունը եւ այն ներկայացնել նեղ շահադիտական տեսանկյունից, աղավաղված ձեւով: Այս ամենին պատասխանելու լավագույն միջոցը այսպիսի միջոցառումների անցկացումն է նման ձեւաչափով եւ օրակարգով»,- ընդգծել է Նախագահ Սահակյանը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել և արդյունավետ աշխատանք են մաղթել նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

Միջազգային գիտաժողովին զեկուցումներով հանդես են գալու հեղինակավոր գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ոչ միայն ՀՀ-ից և Արցախից, այլև եվրոպական մի շարք երկրներից: ԱրՊՀ-ից գիտաժողովին հանդես կգան պ.գ.դ., պրոֆեսոր Վահրամ Բալայանը («Արցախը որպես ազգային ու համամարդկային գաղափարների ձևավորման ու տարածման կենտրոն(19-րդ դ. երկրոդ կես-20- րդ դ. սկիզբ)»), պ.գ.թ., դոցենտ Մելանյա Բալայանը («ԼՂԻՄ-ում Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված քաղաքականությունը 1920-30-ական թթ. և հետևանքները»,) բ.գ.թ., դոցենտ Լուսինե Մարգարյանը («Արցախ» և «Ղարաբաղ» տեղանունների ստուգաբանության հարցի շուրջ), ԱրՊՀ ասպիրանտ Արմինե Արզումանյանը («Ղարաբաղի բարբառի սոմատիկ դարձվածքների լեզվամշակութային վերլուծություն»):