ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես է եկել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը

12.09

2019

IMG 9379   IMG 9362

IMG 9387   IMG 9427

Սեպտեմբերի 12-ին ԱրՊՀ է այցելել և դասախոսությամբ հանդես եկել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ, վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ժողովրդավարություն և նրա տեսակները» թեմայով դասախոսությանը ներկա էին ԱրՊՀ դասախոսներ, ուսանողներ:

Ողջունելով բանախոսին և ներկաներին` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Իսկանդարյանին` ընդգծելով Կովկասի ինստիտուտի հետ ԱրՊՀ-ի ակտիվ համագործակցության նշանակությունը` ուսումնագիտական արդյունավետության տեսանկյունից:

«Կովկասի ինստիտուտի գործունեությունը բոլորիս քաջ ծանոթ է և ներկայացնելու կարիք չկա: Կարևորելով նրա դերը ԱրՊՀ-ում` հարկ է շեշտել, որ յուրաքանչյուր տարի Կովկասի ինստիտուտը ԱրՊՀ-ում հանդես է գալիս նոր ծրագրերով, որոնց արդյունավետությունն ակներև է»,-մասնավորապես ասել է ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը:

«Ժողովրդավարության թեման այսօր հետաքրքրում է ամբողջ աշխարհին և անչափ արդիական է: Ամեն անգամ Արցախ այցելելով` աշխատում եմ Արցախի ուսանողության համար դասախոսությամբ հանդես գալ, և դա ես համարում եմ իմ պարտքը: Անհրաժեշտ է, որ ուսանողները գիտելիքներ ունենան ժողովրդավարության մասին, իմանան, թե ինչ սկզբունքներ ունի ժողովրդավարությունը, ինչպես է առաջացել և ինչ զարգացումներ է ապրել»,-թեմայի արդիականության մասին ասել է Ա. Իսկանդարյանը` հատկանշելով ՀՀ-ում և Արցախում տեղի ունեցած վերջին զարգացումները` կապված տեղի ունեցած և ունենալիք ընտրական գործընթացների հետ:

Կովկասի ինստիտուտի տնօրենը, խոսելով ժողովրդավարության ֆենոմենի մասին, կարևորել է հատկապես նրա կոմպետենտ լինելու անհրաժեշտությունը:

«Աղքատ հասարակություններում դժվար է ժողովրդավարություն հաստատելը: Ժողովրդավարությունը տևական գործընթաց է, որի համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ, այն հնարավոր չէ մեկ ակտով, միանգամից մեկ գործողությամբ հաստատել»,-նշել է բանախոսը` հավելելով, որ մեր երկրում դեռ գործընթացը նոր է սկսվել` ի տարբերություն արևմտյան զարգացած երկրների:

Բանախոսը պատասխանել է նաև ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին ժողովրդավարությանը, ներքաղաքական, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին:

Հավելենք, որ դասախոսությունը կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղում հասարակական ներգրավվածության կարողությունների բարձրացում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Կովկասի ինստիտուտը՝ Արմավիրի զարգացման կենտրոնի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և ԻՆԹՐԱ հոգեկան առողջության կենտրոնի հետ համագործակցությամբ և Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ: