ԱրՊՀ ուսանողները նշել են ծրագրավորողի միջազգային օրը

13.09

2019

IMG 9576 IMG 9591

IMG 9603 IMG 9585

Սեպտեմբերի 13-ին ԱրՊՀ 50-ամյակի և ծրագրավորողի միջազգային օրվա առթիվ Արցախի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Մրցույթին մասնակցել են ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտությունների տարբեր կուրսերի ուսանողներ:

Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Վազգեն Առստամյանը կարևորել է  միջոցառման նշանակությունը` ընդգծելով, որ նման մրցույթները ուսանողներին իրենց ինտելեկտուալ ներուժը ցուցադրելու և փորձ ձեռք բերելու հնարավորություն են տալիս: «ԱրՊՀ տվյալ մասնագիտություններով ավարտած ուսանողները կարողանում են հանրապետության համապատասխան ոլորտներում լավագույնս կիրառել իրենց ստացած գիտելիքները»,- ասել է նա:

Ուսանողներին մասնագիտական օրվա կապակցությամբ շնորհավորել է ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը` մաղթելով նրանց արագ յուրացնել մասնագիտական բոլոր նրբությունները և հեշտությամբ ինտեգրվել ՀՀ-ում և Արցախում տնտեսության առաջատար ճյուղերից մեկի` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին:

«Ուսանողները հետաքրքրված են նմանատիպ մրցույթներով, ինչը նրանց ուսանողական կյանքին ներգրավելու հնարավորություն է տալիս, զարգացնում է ինտելեկտուլ կարողությունները, ինչպես նաև հետաքրքիր ժամանց է ապահովում»,- ասել է ուսանողուհի Արուս Ալավերդյանը:

Մրցույթի ավարտին հաղթող թիմերը պարգևատրվել են պատվոգրերով: