Գիտելիքն անգնահատելի արժեք է |
19.09 2019 |
-Քո կարծիքով ի՞նչ է գիտելիքը, ի՞նչ ուժ և ներգործություն ունի այն մարդու վարքագծի ու ապագայի վրա: -Ես կցանկանայի այս հարցին պատասխանել Գորկու հետևյալ խոսքերով. «Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը. գիտելիքներով զինված մարդը անպարտելի է»: Այն մարդուն ուժ է տալիս հակադրվելու չարին ու անարդարությանը: Մշտապես պետք է հիշել, որ ամենահամարձակ մարդը վախկոտ է դառնում, երբ նա չունի հաստատուն հայացքներ ու գիտելիքներ: -3-րդ կուրսի ուսանողուհին ի՞նչ սպասումներ ունի նոր ուսումնական տարուց: -Նպատակ ունեմ առավել արդյունավետ օգտագործել ուսումնական այս տարին մասնագիտական գիտելիքների խորացման և նորանոր հաջողություններ գրանցելու համար: Հուսով եմ, որ կտրվեն հետաքրքիր ու օգտակար դասընթացների մասնակցելու հնարավորություններ: -Լիլիանա, կարո՞ղ ես հակիրճ ներկայացնել քո ուսանողական տարիների ձեռքբերումները: -Կարծես թե հաջողվել է դրական արդյունքներ կամ առաջադիմություն ապահովել ուսման և հասարակական ակտիվության ոլորտներում: Համալսարանը ոչ միայն գիտելիքների, այլև հմտությունների ձեռքբերման միջավայր է, ուստի ձգտում եմ բաց չթողնել դրանք զարգացնելու հնարավորությունը: -Ըստ քեզ` ինչպիսի՞ առավելություններ ու հնարավորություններ ունեն ԱրՊՀ ուսանողները: -Առաջին կարևորագույն առավելությունն այն է, որ մենք ստանում ենք անհրաժեշտ գիտելիքներ` ապագայում պահանջված մասնագետ դառնալու համար: Արցախի մայր բուհը համագործակցում է այլ համալսարանների հետ և ընձեռում է հնարավորություն` մասնակցելու դասընթացների, գիտաժողովների ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում և արտերկրում: Անցած տարի մասնակցել եմ ռուս-հայկական համալսարանում կազմակերպված ուսանողական գիտաժողովին և վերադարձել հարուստ փորձով և անմոռանալի հիշողություններով: Նմանատիպ միջոցառումները երիտասարդներին դարձնում են ավելի անկաշկանդ, համարձակ և առանց բարդույթների: Մերօրյա երիտասարդը պետք է կարողանա արտահայտել իր կարծիքը, ձևակերպել իր ցանկությունները և չվախենալ դրանց մասին բարձրաձայնել: Իմ կարծիքով՝ այս ամենի համար մեր համալսարանում ստեղծված են անհրաժեշտ պայմաններ: -Ո՞վ է դասախոսի քո իդեալը: -Դասախոսի իմ իդեալը կիրթ, հետաքրքիր, նորարար և համարձակ մասնագետն է: Միշտ սիրել եմ խարիզմատիկ ու վառ անհատականությունների, ուստի այս երկու հատկանիշները ևս կարևորում եմ: -Ի՞նչ կմաղթեիր կամ ի՞նչ խորհուրդ կտայիր առաջին կուրսեցիներին, որոնք դեռ նոր են անցնելու այն ճանապարհով, որի կեսը դու արդեն անցել ես: - Առաջին կուրսեցիները մշտապես պետք է հիշեն, որ, ճիշտ է, գիտելիքն անգնահատելի արժեք է, սակայն ուսանողական կյանքը միայն լսարանով, սովորելով ու դասախոսություններով չի սահմանափակվում: Ուսանողական կյանքը ավելի հետաքրքիր ու բովանդակալից է դառնում նաև ներբուհական տարբեր միջոցառումներով, որոնց նախաձեռնողներից մեկն էլ տվյալ բուհի ուսանողը պետք է լինի: Եղեք ազնիվ, նպատակասլաց ու բարեխիղճ և ձեր հաջողոթյունները կլինեն շարունակական: Հարցազրույցը՝ Նանե Հարությունյանի Լրագրություն 3-րդ կուրս |
Обновлено 19.09.2019 06:47 |