«Ինձ հնարավորություն էր տրված մեկնել Մոսկվա, սակայն ինձ համար կարեվոր էր մնալ իմ հայրենիքում…»

24.09

2019

MyCollages 5

Ամեն տարի Արցախի պետական համալսարան դիմում-հայտ են ներկայացնում դպրոցն ավարտած բազմաթիվ շրջանավարտներ, ովքեր ցանկանում են կրթություն ստանալ մայր բուհում։ Նրանց թվում է նաև Մոնիկա Օհանջանյանը, ով սովորում է բանասիրական ֆակուլտետի «Լրագրություն» մասնագիտության առաջին կուրսում։ Հարցազրույցի միջոցով կփորձենք պարզել նրա ընդունակություններն ու նախասիրությունները և, թե ինչու է բոլոր մասնագիտություններից ընտրել հենց լրագրողի մասնագիտությունը։

-Մոնիկա, ինչու՞ ընտրեցիր հենց «Լրագրություն» մասնագիտությունը։

-Իմ մանկության ամենամեծ երազանքներից մեկն էր դառնալ լրագրող և աշխատել հեռուստատեսությունում։ Սիրեցի լրագրությունը, քանի որ ես ինձ պատկերացնում եմ հենց այդ բնագավառում ու, համոզված եմ , որ ճիշտ ընտրություն եմ կատարել։

-Ինչու՞ որոշեցիր կրթությունդ շարունակել Արցախի պետական համալսարանում, այլ ոչ մեկ այլ բուհում։

-Ինձ հնարավորություն էր տրված մեկնել Մոսկվա, սակայն ինձ համար կարևոր էր մնալ իմ հայրենիքում, և ես համոզված էի, որ, մնալով իմ հարազատ բնօրրանում, որակյալ կրթություն կստանամ։ Բացի այդ, գիտեի, որ մեր համալսարանի դասախոսական անձնակազմը ցուցաբերում է բարեհամբույր վերաբերմունք յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ։ Ես առաջին իսկ օրվանից ինձ զգում եմ ջերմ ու հարազատ միջավայրում։ Բավարարված եմ զգում նաև մեր դասախոսների տված գիտելիքներից` միաժամանակ կարևորելով նաև ինքնակրթության անհրաժեշտությունը։ Կարևոր պայման է նաև այն, որ դասախոսները հաշվի են առնում ուսանողների կարծիքը։ Տեսնելով այս ամենը՝ ես չեմ զղջում Արցախում մնալու և կրթությունս մայր բուհում ստանալու համար։

-Ունե՞ս սիրած լրագրող, որին կցանկանայիր նմանվել հետագա մասնագիտական գործունեությամբ։

-Ես երկրպագում եմ Վլադիմիր Պոզներին։ Նա ինձ համար իդեալական լրագրող է, հատկապես այն բանի համար, որ նա յուրաքանչյուր հարցում փորձում է լինել հայերի կողքին։

-Ի՞նչ նպատակներ ունես կապված ապագա մասնագիտության հետ։

-Կապված ապագա մասնագիտությանս հետ նպատակս մեկն է՝ աշխատել հեռուստատեսությունում որպես հաղորդավար և լուրեր վարել։

-Ինչպիսի՞ն ես պատկերացնում քեզ մի քանի տարի անց։ Որպես լրագրո՞ղ, թե՞…

-Միանշանակ ես ինձ պատկերացնում եմ կայացած լրագրողի դերում, ումից կցանկանային օրինակ վերցնել շատերը։

-Իսկ ի՞նչ նախասիրություններ ունես, ազատ ժամանակ ինչո՞վ ես զբաղվում։

-Շատ եմ սիրում երգել ու նկարել, իսկ ազատ ժամանակ գրեթե չեմ էլ ունենում, քանի որ երկար ժամանակ եմ հատկացնում դասերիս։

-Ի՞նչ կմաղթես համակուրսեցիներիդ և բոլոր առաջին կուրսեցիներին։

-Բոլորին մաղթում եմ աշխատասիրություն ու նպատակասլացություն։ Եթե հասել են այս երկուսին, ապա կարող են վստահ լինել, որ կկարողանան շարունակել իրենց ընտրած ուղին։

Հարցազրույցը` Մանե Գաբրիելյանի, լրագրություն 3-րդ կուրս

Обновлено 24.09.2019 06:23