Սիրի՛ր կյանքը

26.09

2019

59952198 1668946336541478 5780452932994465792 nԿարծես իրար հաջորդող սովորական երեկոներից էր՝ խաղաղ և իր մեջ ոչ մի արտասովոր բան չպարունակող։ Կարծես օրն ավարտվում էր իրեն հատուկ պարզ ու հասարակ կերպով։ Սակայն ամեն ինչ թվացյալ էր։

Նա մենակ էր խավարի մեջ թաթախված, լռության միջից բղավող քարե պատերով այդ սենյակում, ուր ամեն ինչ վաղուց առաջվանը չէր։ Այստեղ պատերն են հոգնել տաքացնելուց, պատուհանները լուսավորելուց . . .

Նա թույլ էր շատ ու անպաշտպան, նա խոցված էր ու վախեցած։ Ֆիզիկապես սենյակում էր, բայց բացակայում էր մտովի։ Ամենաուժեղ բանը, որ ազդում է մեր հոգեկանի և նույնիսկ ֆիզիկականի վրա, վերացական է. մենք այն նյութականի պես բռնել կամ բաց թողնել չենք կարող։

Մեր մտքերը. . . ահա թե ինչը կարող է մեզ հասցնել հաջողության և հակառակը՝ կործանման։

Նա մենակ էր, բացարձակապես մենակ։ Եվ գուցե հենց այդ մենակությունն էր, որ նրան ստիպեց այդպես սուզվել իր մտքերի խորը օվկիանում։ Շփոթված էր նա, ցնորված կարծես, պոկված տերևի պես ընկած, մոռացված։ Իսկ նրա մտքերն ահա սավառնում էին դեպի անհաս հեռու-հեռուներ . . .

Եվ ահա մի լույս իջավ իր երեսին։

-Երբևէ աչքերդ փակել և փորձե՞լ ես զգալ առանց տեսնելու, միայն լսելով կամ գուցե առանց։ Երբևէ փորձե՞լ ես լռել այն պահին, երբ պետք է խոսես, լացես կամ գոռաս, հանգիստ մնալ, երբ պետք է գործես։ Երբևէ փորձե՞լ ես ուղղակի ԶԳԱԼ, զգալ, որ ԱՊՐՈՒՄ ես։ Երբ դու մտածես, որ կգա մի օր, ու կմնա մի օր, դու կզգաս քո ապրած յուրաքանչյուր պահը, դու կգնահատես, կապրես և կապրեցնես։ Երբ քո սրտին հանկարծ անհանգստությունն այդ հյուրընկալի, կյանքն այդժամ քեզ շատ թանկ կթվա։

Դու կսկսես մթության մեջ տեսնել այնպիսի բաներ, որոնք անհասանելի են որոշների համար։ Մանրուքները նկատելուն զուգահեռ խոշորագույնները կարող են վրիպել քո աչքից։

Դու կարող ես սեր ստանալ, բայց չտալ փոխադարձ և դրանով հանդերձ ներսումդ դատարկություն զգալ։ Բայց, երբ փորձես տալ, չպահանջել, քո լիությամբ դու կվարակես քո մտերիմներին։

Դու կարող ես ժպիտ պարգևել, քո անարատ սիրով պարուրել մեկին, քո ձայնով նրա հոգին ջերմացնել և մի քնքուշ խոսքով թև տալ, որ թռչի։

Սիրվելուց քաղցր է սիրելը, ճակատագրից շնորհակալ լինել այդ գեղեցիկ զգացմունքին մոտիկից ծանոթ լինելու, նրան քո ողջ հոգով ու մտքով զգալու համար, կարոտել ինչ-որ մեկին ու սրտի թրթիռով սպասել նրան, նրա համար աղոթել ու գովել նրան, զգալ, որ ապրում ես, որ քո կյանքի մռայլ այս օրից այն կողմ մի օր է սպասվում քեզ, մի հեքիաթային ու աներևակայելի օր, բոլոր ժամանակների մեջ անկրկնելի. . .

Նրա մենախոսությունը շատ երկար տևեց, սակայն որպես պատասխան տիրում էր քար լռություն։ Նա զգում էր, որ մենակ չէ, բայց կողքինն իր համար համբերատար լսող է, այլ ոչ թե շաղակրատ մի զրուցընկեր։ Բայց դա նրա համար արգելք չէր, նա շարունակում էր իր մտերմիկ, շատ հուզիչ զրույցը։ Խոսեց նա, խոսեց, ժամ, թե երկու և ավելի ու քնեց։ Իսկ լույսն իր դեմքից կամաց հեռացավ՝ կարծես մարդկային հետքեր թողնելով. . .

-Կա՛նգ առ, մտածի՛ր, չե՞ս տեսնում քեզ այդ կնոջ կերպարում։ Քեզ ծանոթ չե՞ն նրա ապրումներն ու հույզերը, դու նրա պես չե՞ս դիմել Արարչին. . .

Օրերը դառնում են շաբաթներ, շաբաթներն՝ ամիսներ, ամիսները՝ տարիներ և այդպես շարունակ։ Մարդիկ փոխվում են, փոխում կյանքի որակն ու արագացնում նրա ընթացքը։ Նրանք զբաղված են լինում մշտապես և քիչ ժամանակ ունենում մտերիմների հետ անց կացնելու համար։ Ոմանք էլ շփվում են, շփվում, բայց իրական քաղցրությունն, ավաղ, չեն զգում ։ Կան մարդիկ, ովքեր իրենց ժամանակն անց են կացնում շփվելով մտերիմների հետ՝ թե՛ իրական կյանքում, թե՛ վիրտուալ։ Եվ մտածում ես՝ նա կարոտել նույնիսկ չի հասցնում։ Ո՛չ, դու սխալվում ես։ Նրա հոգու մի մութ անկյունում դատարկություն է տիրում, մի անգութ դատարկություն, որ բղավում և խլացնում է նրան՝ դրդելով մտքերով սավառնել անհայտ հեռուներ։ Նա փորձում է գտնել մեկին, ով կարող է կիսել իր հոգու ու մտքի մենակությունը . . .

Կա՛նգ առ, մտածի՛ր, զգու՞մ ես՝ քո շուրջ կատարվող ամեն ինչ գալիս է քո ներսից ու մտքերից։ Դու տեսնում ես այն, ինչ պատկերացրել էիր մի օր, դու կորցնում ես այն, ինչ չես նկատել մինչ այս։

Եվ, եթե լավ ընկեր գտնելու համար ինքդ պետք է լինես լավ ընկեր, ապա կիսիր դիմացինիդ մենակությունն այնպես, որ մի օր հանկարծ այն իր թևերի տակ չառնի քեզ տրված այդքան քաղցր կյանքը։ Սիրիր կյանքը, որ սիրվես նրա կողմից։

Անի Ազատյան, անգլերեն լեզու և գրականություն 3-րդ կուրս

Обновлено 26.09.2019 11:14