ԱրՊՀ-ում կայացել է «Սփյուռքահայ կյանքեր` ինչպես որ տեսա» գրքի շնորհանդեսը

30.09

2019

IMG 0724   z 

IMG 0752   IMG 0782   

Արցախի պետական համալսարանում կայացել է Արաբական ծոցի երկրների Աստվածաշնչյան ընկերության ընդհանուր քարտուղար, գրող, հրապարակագիր Հրայր Ճեպեճյանի «Սփյուռքահայ կյանքեր` ինչպես որ տեսա» գրքի շնորհանդեսը: ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով հեղինակին, նշել է, որ Հրայր Ճեպեճյանը առաջին հերթին մեծ հայ է, այնուհետև՝ գիտնական, աստվածաբան և գրող:

 Գրող, լրագրող Միքայել Հաջյանը, շնորհակալություն հայտնելով համալսարանի ռեկտորին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին, հյուրերին ջերմ ընդունելության համար, ներկայացրել է գրողի կյանքն ու  ազգային, հասարակական, միութենական, միջեկեղեցական, գրական գործունեությունը:

Գիրքը արժևորել և գնահատանքի խոսք է ասել բանասիրական ֆակուլտետի գրականության և լրագրության ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Զարինե Սառաջյանը՝ ընդգծելով, որ գրքի առանցքում սփյուռքահայ մարդու կյանքն է՝ իր խոհերով, տագնապներով, կարոտի ու նահանջի երգերով, նահանջի դեմ պատնեշներ որոնելով: «Գիրքը հավասարապես հետաքրքիր է թե հայ, թե օտարազգի ընթերցողի համար, քանի որ պատմական ճակատագրի բերումով սփյուռքահայերը բազում թելերով շաղկապված են աշխարհի հազարավոր քաղաքների բնակիչների հետ»,- ասել է նա՝ մանրամասնելով, որ գիրքը հագեցած է ժամանակակից սփյուռքի առջև ծառացած խնդիրներով ու տագնապներով, որոնցից առաջնահերթը հայապահպանությունն է ու նրա կարևորագույն երաշխիքներից մեկը՝ հայոց լեզվի պահպանումը: Նա նաև շեշտել է, որ գիրքը արժեքավոր է իր արծարծած գաղափարներով, հարցադրումներով, պատումի ոճով ու լեզվով:

Հայաստանի ավետարանչական եկեղեցու և ամերիկայի հայ ավետարանչական ընկերության անունից հեղինակին շնորհավորել է նաև Ավետիք Խաչատրյանը` նշելով, որ  Հրայր Ճեպեճյանը կարողացել է ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի Աստծո դեսպանը երկրի վրա:

Գրքի հեղինակը շնորհակալություն է հայտնել ներկաներին` ջերմ ընդունելության և գրքի շնորհանդես-քննարկումը կազմակերպելու համար:

«Փորձեցի ցույց տալ հային իր առօրյա կյանքի պրպտումների, հույսերի և հույզերի մեջ»,- ասել է նա՝ հայտնելով, որ հեռու է մնացել ծանոթագրությունից: Այդ ամենը արտահայտել է գեղարվեստական ոճով՝ ցույց տալու համար հայերի գոյապայքարի բոլոր իրավիճակները:

Վերջում հեղինակը ներկաներին նվիրել է իր գրքերից և պատասխանել հարցերին: