«Ուսուցիչ» բառը շատ մեծ եվ բարձր խորհուրդ ունի: Արժանի եղեք Ձեր կոչմանը

08.10

2019

MyCollages 5ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի գրականության և լրագրության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Սիրունիկ Բաղդասարյանի գիտամանկավարժական փորձը կեսդարյա պատմություն ունի: Ձեզ ենք ներկայացնում նրա հետ ունեցած մեր զրույցը, որը վերաբերում է մանկավարժի առաքելությանը, կոչմանը, ոլորտի խնդիրներին:

 

-Տիկին Բաղդասարյան, Ձեր երկարամյա գիտամանկավարժական փորձից ելնելով՝ ո՞րն եք համարում մանկավարժի առաքելությունը:

-Մանկավարժի առաքելությունը բավականին դժվարին ու բարդ է: Եվ ամեն մի ուսուցիչ չէ, որ կարող է համարվել սուրբ Մաշտոցի գործի շարունակողն ու կրտսերագույն աշակերտը: Հասարակության բոլոր անդամները կյանք են մտնում ուսուցչի բարերար ազդեցությամբ և մի տեսակ ակնածանքով են վերաբերվում նրա գործին, ինչն անչափ պարտավորեցնող է:

- Կյանքը ցույց է տալիս, որ լավ մանկավարժը նաև պետք է հոգեբան լինի. այս առումով հետաքրքիր է լսել Ձեր կարծիքը:

-Մանկավարժը հոգեբան լինելուց բացի, պետք է օժտված լինի նաև մարդկային շատ որակներով, քանի որ նա ոչ միայն խոսքով է սովորեցնում, այլև իր կենսակերպով: Նա ոչ միայն հոգեբանորեն պետք է ճանաչի իր առջև նստած սաներին, այլև հսկի նրանց միջանձնային հարաբերությունները և ճիշտ ուղղորդի դրանք: Մարդկանց հետ հարաբերվելը ևս մշակույթ է, որը աշակերտների աչքի առաջ է և ոչ միայն այս հարցում, այլև շատ ու շատ հարցերում նրանց համար ուսուցիչն է առաջին ուղենիշը և իդեալը:

- Ձեր կարծիքով փոխվե՞լ է մանկավարժի կերպարը ժամանակակից փուլում, երբ նկատելի ձևափոխությունների են ենթարկվել ուսուցմանն ու դաստիարակությանը, կրթական համակարգին ներկայացվող պահանջները:

-Անշուշտ, փոխվել են: Նախկինում ուսուցիչն անառարկելի հեղինակություն էր թե՛ երեխաների, թե՛ տան անդամների և թե՛ հասարակության մեջ: Ցավոք, այսօր նույնը չենք կարող պնդել: Օրինակ՝ ցավալի է, որ մանկավարժական բաժիններ քիչ դիմորդներ են դիմում, առանձնապես խուսափում են տղաները: Գաղտնիք չէ, որ մեր դպրոցներում տղամարդ ուսուցիչների թիվը զգալիորեն կրճատվել է, որը բացասաբար է անդրադառնում առանձնապես տղաների թե՛ դաստիարակության և թե՛ մասնագիտական կողմնորոշման հարցում: Եվ քանի որ մանկավարժի աշխատանքը բավականին բարդ է, շատերը երկնչում են և չեն ուզում ընկնել ավելորդ գլխացավանքի մեջ:    

- Ո՞րն է մանկավարժի Ձեր կարգախոսը, որն ուղեկցել է Ձեզ գիտամանկավարժական գործունեության ամբողջ ընթացքում:

-Իմ 50 տարվա մանկավարժական պրակտիկայից ելնելով կարծում եմ, որ ամենից առաջ անհունորեն պետք է սիրել նրան, ում ուսուցանում ես: Սիրել այն առարկան, որը դասավանդում ես և ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել քո առաքելությանը և, որ ամենակարևորն է, ամեն օր լրացնել քո գիտելիքների զինանոցը: Եթե մի հրաշքով իմ կյանքի անիվը հնարավոր լիներ ետ դարձնել, ես նորից կընտրեի մանկավարժի մասնագիտությունը:

- Ի՞նչ կմաղթեիք Ձեր սաներին՝ ներկա և ապագա մանկավարժներին:

-Բոլոր ուսուցիչներին ցանկանում եմ ծով համբերություն նրանց դժվարին աշխատանքում և անհուն սեր դեպի այս սրբազնագույն աշխատանքը, քանի որ «ուսուցիչ» բառը շատ մեծ և բարձր խորհուրդ ունի: Արժանի եղեք Ձեր կոչմանը:

   Հարցազրույցը՝ Նանե Հարությունյանի

Լրագրություն 3-րդ կուրս

 

Обновлено 08.10.2019 07:29