Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում շարունակվում են դասախոսությունները ԱրՊՀ-ում

11.10

2019

IMG 2908 IMG 2955

IMG 2982 IMG 2995

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում Արցախի պետական համալսարանում հյուրընկալվել և դասախոսությամբ հանդես են եկել ազգագրագետ, պատմաբան Լևոն Աբրահամյանը և գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը: ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել բանախոսներին դասախոսությամբ հանդես գալու համար՝ կարևորելով ծրագրի նշանակությունը:

Լևոն Աբրահամյանը, հանդես գալով «Թամանյանի Երևանը ազգայինի և ստալինյանի միջև» թեմայով դասախոսությամբ, մանրամասն խոսել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հիմնական նախագծերից ու կառույցներից, ներկայացրել դրանց վերաբերյալ ժամանակին առկա քննադատությունները:

«Օպերայի և բալետի թատրոնի շենքը պետք է լիներ ժողովրդական տուն»,- ասել է ազգագրագետը՝ հավելելով, որ ժողտան նախագիծը սկսելով և այն շարունակաբար կատարելագործելով` Թամանյանը ձգտել է իրականացնել բոլոր նորագույն պահանջները բավարարող թատրոն, նաև մայրաքաղաքին համապատասխանող` և՛ բովանդակությամբ, և՛ ճարտարապետական լուծումով:

«Ճարտարապետի երազանքը իրականանում է 1988թ.: Որդին՝ Գևորգ Թամանյանը, խմբագրում է անավարտ շենքի նախագիծը ու դարձնում սիմետրիկ կառույց»,-ասել է բանախոսը՝ ընդգծելով, որ Ալեքսանդր Թամանյանը իր նախագծերում մտածված ձևով օգտագործում էր եկեղեցական կառույցը:

Հաջորդիվ դասախոսությամբ հանդես է եկել Դավիթ Մուրադյանը՝ «Ինչպե՞ս է մշակույթը ստեղծում երկիր» թեմայով:

«Մշակույթը կերտում է ժամանակ և մարդ՝ այդ ժամանակի մեջ, մշակույթը հայրենիքի շարունակությունն է, հայրենիքին բոլորովին նոր չափում և բովանդակություն տվողն է»,- ընդգծել է կինոգետը:

«Հայկական կինոն նույնպես մասնակցել է մի շարք հարցերի՝ ո՞վ էինք մենք, ինչպիսի՞ն դարձանք, ի՞նչ արժեքներ և սրբություններ սկսեցինք սիրել պատասխանները ստանալու գործընթացին»,- ասել է Դավիթ Մուրադյանը՝ հավելելով, որ «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը ձևավորել է անկախ Հայաստանի գաղափարը, իսկ «Բարև, ես եմ» ֆիլմը ազգային ես-ի գաղափարը:

Կինոգետը իր խոսքը եզրափակել է՝ նշելով, որ մշակույթը պատմականորեն իր դերը կատարել է՝ ստեղծելով 20-րդ դարի Հայաստան և ընդգծել այս դարի լեզվով, նոր գեղարվեստական գաղափարներով ու մտածողությամբ 21-րդ դարի հայ մարդու և Հայաստանի կերպար ստեղծելու անհրաժեշտությունը:

Բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին: