Հոկտեմբերի 11-ը նշվում է որպես ընդդեմ ցավի համաշխարհային օր: Օրվա առթիվ Արցախի պետական համալսարանի մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում:
Ողջունելով ներկաներին` միջոցառման կազմակերպիչ Ռոզալյա Հարությունյանը խոսել է օրվա խորհրդի, ցավի գործընթացում հոգեբանական գործոնների ունեցած դերի մասին: Ելույթներով հանդես են եկել նաև ուսանողներ:
«Ցավը հասկանալու և հաղթահարելու համար տարբեր մասնագետներ պետք է համագործակցեն: Ցավը և հոգեբանական գործոնը պատճառահետևանքային կապի մեջ են»,- ասել է ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Էլեն Իլյազյանը՝ հավելելով, որ ինչպես ցավն է ընդունակ առաջացնելու սթրես, այնպես էլ քրոնիկ սթրեսը ընդունակ է դրսևորվել ցավի միջոցով:
Ուսանողուհի Իննա Գրիգորյանը նշել է, որ գլխուղեղն ընդունում է ցանկացած ցավի ազդանշան, սակայն ինքը ցավ չի զգում, քանի որ չունի նյարդային ընկալիչներ:
Միջոցառումը կարևորել են ֆակուլտետի դեկանը և ուսանողները` համարելով այն ոչ ֆորմալ կրթության հարթակ: