ԱՄՆ Հայ իրավաբանական միության պատվիրակությունն այցելել է ԱրՊՀ

15.10

2019

IMG 3351 IMG 3369

IMG 3395 IMG 3396

Այսօր` հոկտեմբերի 15-ին, ԱՄՆ Հայ իրավաբանական միության պատվիրակությունն այցելել է Արցախի պետական համալսարան և հանդիպում ունեցել ուսանողների հետ: Պատվիրակության կազմում էին իրավաբաններ Կարո Ղազարյանը և Գառնիկ Գրիգորյանը:

Ողջունելով հյուրերին` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հայ իրավաբանների միությանը` կարևորելով միության ծավալած հայանպաստ գործունեությունը: Ռեկտորը ներկայացրել է նաև ԱՄՆ Հայ իրավաբանների միության աջակցությամբ ԱրՊՀ-ում գործող իրավաբանական կլինիկայի կողմից իրականացվող գործառույթները:

«Իրավաբանական կլինիկան ոչ միայն նպաստում է իրավագիտություն մասնագիտությամբ սովորող ուսանողների մասնագիտական փորձի և հմտությունների զարգացմանը, այլ նաև անվճար իրավաբանական օգնություն է ցուցաբերում բնակչությանը, ովքեր հնարավորություն չունեն վճարովի հիմունքներով իրավաբանական աջակցություն ստանալու»,-ասել է ռեկտորը` նշելով, որ կլինիկայի ծառայություններից օգտվել ցանկացող բնակիչների ներկայացրած հայտերը վկայում են, որ այն պահանջված է նաև իրավաբանական աջակցության կարիք ունեցող քաղաքացիների համար:

Խոսելով Հայ իրավաբանական միության գործունեությունից` Կարո Ղազարյանը նշում է, որ միության առանցքային գործառույթը հայ ազգային շահերը ներկայացնելն է, հայոց պատմության փաստերը պաշտպանելը, այդ թվում՝ ցեղասպանության և Ղարաբաղի խնդիրները, հայերի ազգային և համայնքային շահերը։

«Մեր հիմնական նպատակներից է նաև Արցախի ժողովրդին, Արցախի պետականությանը աջակցելը: Մեր աշխատանքի մի մասն արտացոլվում է նաև համալսարանում բացված իրավաբանական կլինիկայի միջոցով, որի շնորհիվ Արցախի բնակչությունը հնարավորություն ունի անվճար իրավաբանական աջակցություն ստանալու: Իրավաբանական կլինիկայի գոյությունն այստեղ համարում եմ անհրաժեշտություն նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից»,-ասել է Կ. Ղազարյանը` հավելելով, որ ոչ միայն Արցախը Սփյուռքի կարիքն ունի, այլ նաև Սփյուռքը Արցախի կարիքն ունի:

Կ. Ղազարյանը խոսել է նաև Արցախի մայր բուհ այցելելու նպատակի մասին` մանրամասնելով, որ այն առիթ է` անմիջական տեսնելու կլինիկայի աշխատանքները, վերլուծելու, գնահատելու կատարվածը և հետագա անելիքները նախանշելու:

Բանախոսությամբ հանդես է եկել միջազգային իրավունքի մասնագետ, ԱՄՆ Հայ իրավաբանների միության անդամ Գառնիկ Գրիգորյանը:

Բանախոսները պատասխանել են նաև ներկաների հարցերին, որից հետո այցելել իրավաբանական կլինիկա, զրուցել կլինիկայում աշխատող ուսանողների և դասախոսների հետ: