Արցախի պետական համալսարան

IMG 4237 IMG 4241

IMG 4251 IMG 4266

Արցախի պետական համալսարանում դասախոսությամբ հանդես է եկել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, արևելագիտության ֆակուլտետի դասախոս, պ.գ.թ., դոցենտ Սարգիս Գրիգորյանը: Հանդիպումը նախաձեռնել էր ԱրՊՀ Հայագիտական կենտրոնը, որին ներկա էին դասախոսներ, ուսանողներ:

Դասախոսության թեման էր «Սիրիական հակամարտության ներկայիս իրողությունները և թուրքական ռազմական գործողությունները Սիրիայում», որի շրջանակում բանախոսը անդրադարձել է հակամարտության ծագման սկզբնական փուլին, ռազմական գործողություններում ներգրավված ուժերին, մանրամասն խոսել ահաբեկչական խմբերից, ընդդիմադիր ուժերից:

«Թուրքիան, Սիրիայում սկսելով «Եփրատի վահան» ռազմական գործողությունները», հայտնվեց միջնամասում՝ այդ տարածքների քրդերին միավորվելու հնարավորություն չտալով»,- ասել է Սարգիս Գրիգորյանը:

Թուրքիայի ծավալած հաջորդ ռազմական գործողությունը «Ձիթենու ճյուղ»-ն էր, որի ընթացքում, բանախոսի խոսքով, թուրքերը գրավեցին Աֆրին քրդաբնակ ու ամենախիտ բնակեցված քաղաքը, որի դպրոցներում այսօր դասավանդում են թուրքերեն լեզու, գրականություն, մշակույթ: Ռազմական գործողությունների նպատակն է հնարավորինս ճնշել Սիրիայի քրդաբնակ հատվածները:

«Մյուս ռազմական գործողությունը եղավ վերջերս, երբ Էրդողանը հայտարարեց, որ նպատակ ունի Սիրիայի հյուսիսում ստեղծել անվտանգության գոտի, և բնակեցնել փախստականների»,- ասել է բանախոսը՝ ընդգծելով, որ դրանով Էրդողանը Թուրքիայի համար կարևոր հարցեր է լուծում:

Խոսելով հոկտեմբերի 9-ին Սիրիայում սկսված «Խաղաղության ակունք» ռազմագործողությունից՝ Սարգիս Գրիգորյանը նշել է, որ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։

«Միջազգային հանրության արձագանքը բացասական է թուրքական հավակնոտ ծրագրերին, սակայն Էրդողանը հաշվի չի առնում այդ արձագանքը»,- ասել է բանախոսը՝ շեշտելով, որ Սիրիայի հակամարտության կարգավորումը սարերի ետևում չէ:

Պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, պ.գ.թ., պրոֆեսոր Արարատ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Սարգիս Գրիգորյանին ԱրՊՀ այցելելու և դասախոսությամբ հանդես գալու համար: