Մեկնարկել է Արցախի մայր բուհի 50-ամյակին նվիրված միջազգային ուսանողական գիտաժողով

04.11

2019

IMG 4844 IMG 4882  

 IMG 4919 IMG 5006

Այսօր` նոյեմբերի 4-ին, ԱՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկել է Արցախի մայր բուհի 50-ամյակին նվիրված ուսանողական միջազգային գիտաժողով, որին մասնակցում են ԱրՊՀ, ՀՀ և արտերկրի բուհերի 150 ուսանող:

Գիտաժողովի լիագումար նիստին ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, բուհի նախկին ռեկտորներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, հյուրեր:

Ողջունելով ներկաներին` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհավորել է բուհի 50-ամյակի առթիվ` ներկայացնելով համալսարանի անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու մարտահրավերները:

«Հետադարձ հայացք ձգելով բուհի պատմության ակունքներին՝ վստահաբար կարող ենք ասել, որ այն խիզախումների մի ուրույն ուղի է անցել: Ուղի, որը լի էր ազգային ինքնության, ազգային արժեքների պահպանման և պատմական արդարության հաստատման համար պայքարով»,-մասնավորապես նշել է ռեկտորը` հավելելով, որ մայր բուհը իր կեսդարյա պատմության ընթացքում մշտապես եղել եւ մնում է Արցախի Հանրապետության հիմնասյուներից մեկը՝ որպես գիտակրթական խոշորագույն հաստատություն նպաստելով մեր նորանկախ հանրապետության պետականաշինությանը, երկրի համար վճռորոշ շատ ու շատ ուղղություններում ունենում իր անուրանալի ավանդը, որի համար մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի հպարտանալու լիարժեք իրավունք ունի։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը` մաղթելով արդյունավետ աշխատանք:

«50-ամյակը ոչ միայն պատկառելի և գեղեցիկ հոբելյան է, այլ նաև անցած ճանապարհը վերարժևորելու և ապագայի տեսլականը ուրվագծելու ժամանակ: Կեսադարյա իր պատմության ընթացքում համալսարանը բազմաթիվ մարտահրավերների է առերեսվել: Յուրաքանչյուր տասնամյակ բուհի առջև ծառացած մարտահրավերները տարբեր էին, տարբեր էին նաև այդ խնդիրները հաղթահարելու հնարավորություններն ու կարողությունները, նույնն էր նպատակը` լինել Արցախում գիտակրթական կենտրոն և հայապահպանության օջախ»,-նշել է Ա. Ղուլյանը` հավելելով, որ համալսարանի սաները առաջիններից էին, ովքեր կանգնեցին Արցախյան շարժման առաջին շարքերում, որ հետո դարձավ խրամատ` պայքարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, խաղաղ իրացման, ու հետագայում արդեն պարտադրված պատերազմում նրանցից շատերը իրենց կյանքի գնով կանգնեցրեցին նորաստեղծ պետականության հանդեպ ձեռնարկված ագրեսիան: Խոսելով համալսարանի որդեգրած առաքելությունից` ԱԺ նախագահն ընդգծել է, որ բուհը ոչ միայն բարձրագույն կրթություն ստանալու, այլ նաև գիտական գործունեություն իրականացնելու կենտրոն պետք է լինի, ճանաչելի ամբողջ աշխարհում: Նա նաև վստահություն է հայտնել, որ դրան կնպաստեն համալսարանի շենքի հիմնանորոգման և միջազգային հավատարմագրում անցնելու գործընթացները:

Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Շնորհավորելով բուհի 50-ամյակի առթիվ` նա արժևորել է համալսարանի անցած ճանապարհը:

«Արցախի մայր բուհն այսօր դիտարկվում է ոչ միայն հանրապետության մասնագիտական ներուժի հիմնական մատակարարը, այլ նաև գիտակրթական կարևորագույն կենտրոն: Որպես ԱրՊՀ շրջանավարտ և խորհրդի նախագահ` գտնում եմ, որ մեր հաջողությունների բանալին ու բանաձևը մշտապես առաջ շարժվելու,  տնտեսության պահանջների հետ համաքայլ լինելու մեջ է: Մենք պետք է ունենանք կադրեր, որոնք որակական առումով չեն զիջի արտասահմանյան գործընկերներին, և բոլոր ուղղություններով մենք մեր վճռորոշ խոսքը պետք է ունենանք ոչ միայն Արցախում, այլև ամբողջ աշխարհում: Այդ խոսքի հեղինակն ու ճարտարապետը մայր բուհն է»,-ասել է Գ. Մարտիրոսյանը` հավելելով, որ գիտաժողովը առիթ է ոչ միայն հետադարձ ուժով գնահատելու անցածը, այլև հստակ նայելու առաջ, նորովի բացահայտելու հնարավորություններն ու երիտասարդների մասնագիտանալու ձգտումները:

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան, ի.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, շնորհավորել է բուհի 50-ամյակի առթիվ` նշելով, որ Արցախն իր բոլոր հաղթանակներով համայն հայության հպարտությունն է, և յուրաքանչյուր հայ իր բոլոր հնարավորություններով պետք է աջակից լինի Արցախին:

«Պատմական փաստ է, որ արցախցին ամբողջ աշխարհին հայտնի է իր մտավոր ներուժով, և Արցախի պետականության հենքն ու հիմքը պետք է լինեն գիտությունն ու կրթությունը»:

Գիտաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք է հղել նաև «Նորանկախ պետությունների համալսարանների համագործակցության ասոցիացիա»-ի նախագահ Ստեփան Բերիլը, որը հրապարակել է Մերձդնեստրի պետական համալսարանի ուսանող Յուրի Կասումյանը:

Լիագումար նիստին զեկուցումներով հանդես են եկել ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը (Արցախի մայր բուհի 50-ամյա գործունեությունը), Վանաձորի պետական համալսարանի ուսանողուհի Շուշան Ներսիսյանը («Հայր» հասկացույթի իմաստային ընկալումները), Հայ-ռուսական համալսարանի ուսանողուհի Անժելիկա Առուշանյանը(Միջազգային դատարանների դերը միջազգային վեճերի խաղաղ կարգավորման գործում), ԱրՊՀ ուսանողուհի Թամար Գրիգորյանը (Ժամանակակից բանկային համակարգ և կրիպտոարժեքներ):

Գիտաժողովի աշխատանքները շարունակվել են մասնախմբերում: