«Արցախյան հարցը չպետք է լինի քաղաքական շահարկում, այլ ազգային գերակա շահ». Արթուր Ղազինյան

04.11

2019

IMG 5328 IMG 5353

IMG 5368 IMG 5337

Նոյեմբերի 4-ին Արցախի պետական համալսարանում դասախոսությամբ հանդես է եկել Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը: Դասախոսության թեման էր «Միջազգային իրավունք և հակամարտություն», որին ներկա էին ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը, դասախոսներ, ուսանողներ:

Պրոռեկտորը, ողջունելով հյուրին, շնորհակալություն է հայտնել համալսարան այցելելու և դասախոսությամբ հանդես գալու համար:

Արթուր Ղազինյանը խոսել է հայոց պետականության ձևավորման հարցում Արցախի ունեցած դերից, արցախյան հակամարտության կարգավորումից:

Նա ընդգծել է, որ Արցախը Հայաստանի 3-րդ Հանրապետության ձևավորման հիմքն է, գերակա ուժը:

«Արցախյան հարցը չպետք է լինի քաղաքական շահարկում, այլ ազգային գերակա շահ, որի ընկալումը պետք է նստած լինի յուրաքանչյուրի մտքում և գործողությունների հիմքում պետք է լինի այդ շահերին ծառայելը, սպասարկելը և պաշտպանությունը ամբողջ աշխարհում»,- ասել է բանախոսը:

Արթուր Ղազինյանը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, խոսել է ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություններից՝ նշելով, որ միջազգային իրավունքով կա 2 հիմնական կոնցեպտ՝ տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշում:

Նա ընդգծել է, որ Արցախ-Հայաստան պայմանական պետական հիմքի վրա բաժանումը ռազմավարական, ստրատեգիական նշանակության ճանապարհ է՝ հավելելով, որ ընտրված է հետևյալ ճանապարհը՝ հասնել ազգերի ինքնորոշման սկզբունքի հիմքի վրա ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը: «Արցախի ժողովուրդը ունի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման իրավունք, որը նախևառաջ պետք է ճանաչի Ադրբեջանի իշխանությունը»,- նշել է բանախոսը՝ ներկայացնելով այդ պարագայում հետագա անելիքները:

Արթուր Ղազինյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին: